Կորոնավիրուսով պայմանավորված՝ Համալիրը կարող է վերածվել «մեծ հիվանդանոցի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

համալիր
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հնարավոր է ծառայեցվի որպես բուժհաստատություններից դուրս հավելյալ վայր, որտեղ կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն կտրամադրվի:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, այդ տարբերակը քննարկվել է և բացառված չէ, որ այնտեղ որոշակի հաշվարկով մահճակալներ տեղադրվեն պոտենցիալ հիվանդների համար:

«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմեց պարետատան մամլո խոսնակ Մանե Գրիգորյանին, որը փոխանցեց. «Այս պահին այդ մասով տեղեկություն չկա, դիտարկվել են մի շարք վայրեր հանրապետությունով , որոնք ըստ անհրաժեշտության կարող են օգտագործվել, բայց այս պահին տեղեկություն, որ մարզահամերգային համալիրը կամ որևէ այլ վայր հարմարեցվում է որպես հիվանդանոց, չկա»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց մահճակալների տեղադրումը այնպիսի վայրերում, որոնք այս պահին բժշկական ծառայություն մատուցելու համար նախատեսված չեն:

Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակվածների միջին ծանրության և ծանր դեպքերի համար անհրաժեշտ է հիվանդանոցային բուժօգնություն, որը կապահովեն Երևանի 4 հիվանդանոցային կենտրոնները՝ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի կենտրոնը, Ոստիկանության հոսպիտալը և Սուրբ աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաճյուղը, որոնց գումարային մահճակալային ֆոնդը կազմում է մոտավորապես 650 մահճակալ:

Նախարարը նշեց նաև մարզային բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների հնրավորություններն օգտագործելու մասին: Նա ասաց, որ Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներ այս պահին պացիենտներ ունեն, որոնք պրակտիկորեն սիմպտոմներ չունեն կամ շատ թեթև սիմպտոմներ ունեն: