Հիվանդ դատապարտյալները գիշերել են բակում, պահանջում են վարչապետին. «Առավոտ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

մարդ

Վրեժ անունով դատապարտյալը՝ «ՍՕՍ, փրկե՛ք մահից» պաստառը պահած, երեկ գիշերն անցկացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բակում: Այդ մասին գրում է aravot.am-ը:

Ըստ աղբյուրի՝ դատապարտյալներից 20-25 հոգի ևս հիվանդանոցի մասնաշենք չեն տեղափոխվել, գիշերել են բակում՝ սպասելով իրենց տեղափոխմանը: Դատապարտյալ Արսեն Քյաբաբչյանին կես ճանապարհից հետ են բերել, քանի որ նրա առողջական վիճակը վատատացել է:

Աղբյուրը նաև նշում է, որ դատապարտյալները պահանջում են վարչապետին տեղափոխման համար իրենց դժգոհությունը հայտնելու համար, սակայն նրանց որևէ մեկը չի լսել, այդ թվում՝ իրավապաշտպանները:

1

Նշենք, որ Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդ կալանավորներն դրսում են դեռ երեկ առավոտից՝ ահազանգելով, թե իրենց կորոնավիրուսի հետ կապված հանել են հիվանդասենյակներից:

Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանել էր լուրը, համաձայն որի՝ ելնելով արտակարգ իրավիճակում կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև կարևորելով վարակի հնարավոր տարածման դեպքում կանխարգելիչ նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նախապատրաստվում են պահման հատուկ պայմաններ ՔԿՀ-ում վարակակիր անձանց հայտնաբերելու դեպքում վերջիններիս մեկուսացնելու և ազատությունից զրկված մյուս անձանցից անջատ պահելու համար։

«Այդ նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, որոնք իրենց առողջական վիճակով պայմանավորված ենթակա են դուրս գրման ստացիոնար բաժանմունքներից, տեղաբաշխվում են այլ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ նրանք շարունակելու են ստանալ պատշաճ բժշկական օգնություն։

Քրեակատարողական ծառայությունը մեկ անգամ ևս հավաստիացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը լիովին վերահսկելի է։ Ներկա դրությամբ քրեակատարողական հիմնարկներից և որևէ մեկում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան»,-նշվում էր հաղորդագրությունում: