Քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ 

ԵՐԵՒԱՆ, 27 ՄԱՐՏ,  24News

Հովիկ Աբրահամյան

Այս խոսքերը պատկանում են Հայաստանի նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, ում մասին նախակորոնավիրուսյան և կորոնավիրուսյան շրջանում կարծես մոռացել են։ Աբրահամյանն, ի տարբերություն այլ քաղաքական գործիչների, մարաղ մտնելու և ճիշտ պահին անհետանալու մեծ տաղանդ ունի, փոխարենը, սակայն, աշխատում են նրա հետ փոխկապակցված լրատվամիջոցները, որոնք, հին բարդույթներից ելնելով, շարունակում են Արգամիչի նախընտրությամբ անձնական բնույթի հոդվածներ գրել իր երբեմնի քաղաքական հակառակորդների մասին։ 
Ընդհանրապես, Հովիկ Աբրահամյան ֆենոմենը Հայաստանի քաղաքական կյանքի պատմության մեջ հատուկ գիտական վերլուծության կարիք ունի։ Միայն հետխորհրդային իրականությանը հատուկ պայմաններում երբեմնի խորհրդային հասարակ գյուղացին՝ Արտաշատի Մխչյան գյուղից, կարողացավ դառնալ քաղաքապետ, մարզպետ, ԱԺ նախագահ, իսկ հետո արդեն, երկարատև ու շատ քրտնաջան պալատական խաղերի արդյունքում՝ վարչապետ։ Ճիշտ է, Արգամիչի մանկության երազանքը երկար չտևեց, ու, չար լեզուների պնդմամբ, երբ «Սասնա ծռերի» ահաբեկչությունից հետո վերջինս իր նեղ շրջապատի ներկայությամբ բաժակ էր բարձրացրել ու խմել Սերժ Սարգսյանի հեռացման կենացը, նրա քաղաքական կյանքի օլիմպիական հրաշքն ավարտվեց՝ հայտնի «առուների» մասին արտահայտությամբ։ Ասում են, որ Արգամիչն այդ ժամանակ վստահ էր, որ ահաբեկչությունը թուլացնելու է Սերժ Սարգսյանի իշխանությունը, որի արդյունքում հենց նա է հայտնվելու հայոց պետության Օլիմպոսի գագաթին։ Բայց դե շաբաթն ուրբաթից շուտ եկավ, Աբրահամյանը պաշտոնանկ արվեց, ու կյանքը շարունակվեց այնպես, ինչպես բոլորս տեղյակ ենք։ Ճակատագրի հեգնանքով «առաջին հեղափոխական» Հովիկ Աբրահամյանը դարձավ նույն հեղափոխության սկզբնական թիրախներից մեկը, նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց, որի մասին այսօր կարծես ոչ ոք չի հիշում։ Ո՜չ, պատճառն աշխարհը ցնցած կորոնավիրուսը չէ, Արգամիչի քրեական գործի մասին ոչ ոք չէր հիշում մինչև այդ։ Դրա փոխարեն, ըստ որոշ տեղեկությունների, նա Քարվաճառում ակտիվորեն երկու ՀԷԿ է կառուցում՝ շարունակելով «թավշյա» պայմաններում հարստանալու գործընթացը։ Ընդհանրապես, երբ ասում ենք, որ Հովիկ Աբրահամյան քաղաքական ու տնտեսական ֆենոմենը վերլուծման կարիք ունի, պատահական չենք ասում։ Ըստ որոշ լուրերի՝ Հայաստանի ամենախոշոր հողատեր, անթիվ անհամար հանքերի ու գործարանների մեջ փայատեր, կրկին ըստ որոշ լուրերի՝ սրանից-նրանից բիզնեսներ խլած ու փայ մտած Հովիկ Արգամիչն իրավունք ունի հպարտանալու։ Չէ որ իր հայտնի խոսքը, որ «քաղաքականությամբ զբաղվելու համար» խելք հարկավոր չէ՝ մարգարեացման պես մի բան է մեր իրականությունում։ Ընդհանրապես, նա ճիշտ է ասել, բայց՝ կիսատ. ոչ միայն քաղաքականությամբ, այլ նաև տնտեսությամբ զբաղվելու կամ , որն ավելի ճիշտ է, դրա արդյունքում միլիոններ դիզելու համար առանձնապես խելք հարկավոր չէ, եթե ունես պետական աջակցություն ու կամ հենց ինքդ ես պետության ամենաբարձր հանգրվաններում։ Բավական է լինել միայն կենցաղային աֆերիստ, ինտելեկտն այս պարագայում ավելորդ է։ 

Ջերրի Թոմոյան