Թուրքմենստանում մարդկանց ձերբակալում են կորոնավիրուսի մասին խոսելու համար. Ազատություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

թուրքմենիստան

Թուրքմենստանի քաղաքացիներին արգելում են խոսել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի մասին: Մայրաքաղաք Աշխաբադի փողոցներում կորոնավիրուսի մասին խոսակցությունները կարող են ձերբակալությամբ ավարտվել: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը:

Շատ դեպքերում մարդկանց ձերբակալում են քաղաքացիական հագուստով անձինք, իսկ թե ինչ է սպասվում բերման ենթարկվածներին անհայտ է: Ենթադրաբար իշխանությունները նման մեթոդով պայքարում են խուճապի տարածման դեմ:

Միևնույն ժամանակ ներկայում Թուրքմենստանի շատ բնակիչների անհանգստացնում է աշխատանքի բացակայությունը, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող սահմանափակիչ քայլերի հետևանքով շատ մարդիկ առանց եկամուտ են մնացել: Երկրում փակվում են ժամանցի վայրերն ու մասնավոր ձեռնարկությունները: Պետական հիմնարկների աշխատակիցներին ուղարկում են չվճարվող արձակուրդ:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից  24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։