Ոստիկանությունը հրապարակել է պարետի սահմանափակումների մասով ստուգումների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Մարտի 27-ին՝ ժամը 9-12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 178 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 1115 անձի նկատմամբ, 552-ը՝ մայրաքաղաքում, 563-ը՝ մարզերում։

Մարտի 27-ին՝ ժամը 9-12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 179 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 1439 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Մարտի 27-ին՝ ժամը 9-12-ը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 7 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը 12-ը՝ 41 վարորդի։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։