Առաջարկվում է տուգանք սահմանել առանց չեզոքացման համակարգի շահագործվող մեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

մեքենա

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է տուգանք սահմանել առանց չեզոքացման համակարգի (катализатор) եւ անսարք վիճակում գտնվող չեզոքացման համակարգով ավտոտրանսպորտային միջոցի շահագործման համար։

Համապատասխան նախագիծը նախարարությունն արդեն քննարկման է ներկայացրել։

Նախարարությունը նշել է, որ ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում եւ վաճառվում են կատալիտիկ չեզոքացուցիչները։ Պատճառը դրանց մեծ գինն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում եւ ռոդիում: Իսկ, եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է ՀՀ-ում։

Այսպիով՝ նրանք առաջարկում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ավելացնել հոդված, որով կսահմանվի տուգանք՝ քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով առաջացող բանած գազերի չեզոքացման համակարգի, դրա բաղկացուցիչ տարրերի, դրա հետ գործնականորեն կապված տվիչների ու կառավարման համակարգերի ապամոնտաժման, վնասման, դրանց չօգտագործման, շահագործման կանոնների խախտման, ինչպես նաեւ չեզոքացման համակարգի անսարքությունների առկայությամբ ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար։

Նախագծով նախատեսվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում նշանակել տուգանք՝ քաղաքացիների նկատմամբ`300 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ`500 հազար դրամի չափով։ 

Տուգանքի չափը պայմանավորված է ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական գներով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց միջին գինը հասնում է 300 հազար դրամի։ Հանդիպում են նաեւ ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։ Հետեւաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման եւ իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից։

Նախարարությունը կարծում է, որ օրենքի ընդունման արդյունքում էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաեւ դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի եւ մարդու կյանքի ու առողջության վրա։