Երեք պատգամավորներ բաժնետիրական ընկերությունների ժողովներն առաջարկում են հեռավար անցկացնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանն առաջարկում են բաժնետիրական ընկերությունների ժողովները հեռավար եղանակով իրականացնել: 

Ըստ ներկայացված նախագծի՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով շատ ընկերություներ անցել են հեռավար աշխատանքի, սակայն մի շարք ընկերությունների դեպքում օրենսդրությունը նման հնարավորություն չի ընձեռում: Ըստ այդմ՝ պատգամավորները փոփոխություն են առաջարկում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում, համաձայն որի՝ ֆինանսական տարվա ավարտից հետո 6 ամսվա ընթացքում ընկերությունները պարտավոր են գումարել տարեան ժողով որտեղ հեռակա քվեարկությունն արգելված է: Ուստի պատգամավորներն այս փոփոխությամբ առաջարկում են հեռակա քվեարկության հնարավորությունը տարածել բաժնետերի բոլոր ժողովների վրա և ներդնել էլեկտրոնային քվեաթերթիկ հասկացությունն, ինչը հնարավորություն կընձեռի հեռակա քվեարկել:

«Ժողովի որոշումները կարող են ընդունվել՝ առանց ֆիզիկական ժողով անցկացնելու (առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա գտնվելու)` հեռակա կարգով քվեարկության կամ իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով:

Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը և դրանց փաստաթղթային հաստատումն ապահովող կապի այլ միջոցներով փոխանակելու միջոցով: Իրական ժամանակում առցանց քվեարկություն կարող է կազմակերպվել էլեկտրոնային կապի միջոցներով` ներառյալ էլեկտրոնային փոստով, ծրագրային և հավելվածային հարթակներով (ներառյալ բջջային հեռախոսների հավելվածներով)»,-նշվում է հոդվածում:

Ըստ նախագծի՝ էլեկտրոնային քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին իրական ժամանակում առցանց քվեարկության միջոցով ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ:

Նախագծին կարող եք ծանոթանա այստեղ: