Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է որոշ քաղաքների շուրջ 10 տնտեսվարողի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

սուպերմարկետ

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի եւ Երեւանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։

Որոշման հիմքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։

Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես,

Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն կրել,

Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,

Չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,

Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծն» է 8107։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։

Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։