Վարդանանց փողոցում գործող խանութների աշխատանքը ոստիկանությունը դադարեցրել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

ոստիկանություն

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` քիչ առաջ ոստիկանները Երևանի Վարդանանց փողոցում հայտնաբերել են գործունեություն իրականացնող շինանյութի 2 խանութ։

Շինանյութի խանութների աշխատանքը դադարեցվել է, և սեփականատերերի նկատմամբ իրականացվել վարչական վարույթ` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն, այն է` արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը:

Ոստիկանությունը հորդորում է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց գործունեությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելված է, պահպանել Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։