Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերով մահվան դեպքում չիրականացնել հերձում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Կառավարությունն առաջարկում է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնել։

ՀՀ Ազգային ժողովին արտահերթ նիստում քննարկվող «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ժամանակ հարցով հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:

«Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է ըստ բժշկական փաստաթղթերի՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում», - ասաց նախարարը։