Քննարկվում է նախագիծ, որով պարտավորեցնելու են ինչ-որ սարք կամ գտնվելու վայրի ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

ռուբեն.

ԱԺ-ն արտահերթ նիստ է անում, որի ժամանակ քննարկվելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու՝ գործադիրի ներկայացրած նախագիծը։ Թեմայի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Ի՞նչ են ուզում անել։ Ուզում են.

(1) պարտավորեցնել հեռահաղորդության օպերատորներին՝ պետությանը տրամադրելու մեր բոլորիս վերաբերող անձնական տվյալներ՝ ուղղված մեր գտնվելու վայրը, տեղաշարժը եւ հաղորդակիցների շրջանակը պարզելուն։

(2) պարտավորեցնել ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ունենալ ինչ-որ սարքեր կամ ինչ-որ ծրագիր՝ ուղղված մեր գտնվելու վայրը, տեղաշարժը, առողջության վիճակը /?/ պարզելուն։ Ընդ որում՝ այս պարտականության խախտումը հավասարազոր է ինքնամեկուսացման պահանջը խախտելուն՝ 100-200 հազար դրամ տուգանքով։

Նախնական հարցեր.

ա) է եթե մեր բոլորիս տեղաշարժը ու գտնվելու վայրը վերահսկելու եք, էլ ինչո՞ւ եք մեզ ինչ-որ սարք կամ ծրագիր պարտադրում։

բ) Ամրագրված չէ տվյալների տրամադրման ստարտային կետ. օրինակ, կարո՞ղ են պահանջել իմ գտնվելու վայրը փետրվարի 29-ին։

գ) Մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում, քանի դեռ որոշակիացված չէ այն անձանց շրջանակը, ում վերաբերում է (օրինակ՝ վարակակիրներ), սահմանված չէ այն կիրառելու եղանակը (անհատական վարչական ակտ) և ամրագրված չէ բողոքարկման հնարավորություն (վարչական և դատական)։

դ) Այս դրակոնյան սահմանափակումների կողքին կարելի էր մի քիչ էլ կալանավորվածների մասին մտածել, քրդատ օրենսգրքում ներառել տնային կալանքի խափանման միջոց (կիրառելի դեռեւս միայն արտակարգ դրության ժամանակ) և վարույթն իրականացնող մարմիններին պարտավորեցնել քննարկել այդ խափանման միջոցի կիրառելիությունը կալանավորված անձանց նկատմամբ։

Ի գիտություն ընդդիմադիր խմբակցությունների»,-գրել է նա: