Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվողը գրավի դիմաց ազատվել է. ՀԺ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

ոստիկանություն

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող 28-ամյա երիտասարդը  1.5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Գուրգեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, բավարարել իր պաշտպանյալին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ բավարարելով իր գրավի միջնորդությունը: Որոշումը հրապարակվել է այս գիշեր՝ 04:30-ի սահմանում:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Առաջադրված մեղադրանքում 28-ամյա քաղաքացին իրեն մեղավոր չի ճանաչել. «Բնականաբար, չի ընդունում մեղադրանքը: Նրա լուսանկարները համացանցում արդեն կան, ես պահանջում եմ, որ կանգնեցնեն նրան ու ոստիկանին ու համեմատեն, թե ով է տուժել: Եթե ոստիկանությունը համարում է, որ իր գործողությունները՝ անձին խոշտանգելը, նվաստացնելը իրավաչափ են եղել… Մանրամասներ կան, որ Տիգրանը ամաչում է պատմել, բայց նրան նվաստացրել են Մալաթիայի բաժնում»:

Հարցին՝ Ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնելու՞ է, Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ արդեն իսկ ներկայացրել է Հատուկ քննչական ծառայությանը, միաժամանակ դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին. «Արդեն ակնկալում ենք ՀՔԾ դիրքորոշումը. իրավաչափ կհամարի՞, թե՞ կգտնի, որ հանցակազմը բացակայում է»:

Դիտարկմանը, որ Ոստիկանությունն իր հաղորդագրության մեջ նշում է, որ քաղաքացին դիմադրություն է ցույց տվել, պաշտպանը պատասխանեց. «Չորս հոգի ոստիկանին դիմադրություն ցույց տալը ո՞րն է: Ոստիկանությունից ուրիշ բան չէինք սպասում, ոստիկանությունը ե՞րբ է ասում, որ ոստիկանը մեղավոր է, մի դեպք ցույց տվեք, որ քաղաքացին ոստիկանությունում խոշտանգվել է, ու վերջինս համաձայնել է դրան: Ես նման դեպք չեմ տեսել: Դատարաններն անգամ չեմ համաձայնում դրան, եթե համաձայնեին, տուժողները չէին սպառի ներպետական ատյանները եւ միջազգային ատյաններում չէին գրանցի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում»: Ինչ վերաբերում է Ոստիկանության տեսանյութին, պաշտպանը նշեց, որ դա դեռեւս չի տեսել, բայց եթե ամբողջական տեսանյութն է, ուրեմն՝ Մալաթիայի ոստիկանության բաժնի տեսագրությունները եւս պետք է ցույց տան. «Այսինքն՝ դա այն է, ինչ իրենք ցույց են տալիս, իսկ այնտեղ երեւում է նաեւ, որ ծեծելուց, հայհոյելուց հետո, երբ պաշտպանյալս է սկսում հայհոյանքներ տալ, միանգամից սկսում են նկարել. դրա մասին նաեւ Տիգրանն է բարձրաձայնում»,- նշեց Գուրգեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության՝ մարտի 27-ին՝ ժամը 05-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, ներկայացել եւ վարորդից պահանջել տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ, եւ չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրել են, հնչեցրել հայհոյանքներ: Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ քաղաքացու երեխան վատ է զգացել, այդ պատճառով էլ, թեեւ մի երկու բաժակ խմած է եղել, առանց փաստաթղթերի դուրս է եկել տանից, շտապել դեղատուն: Ըստ պաշտպանի՝ քաղաքացուն ծեծելով, քարշ տալով են տարել Ոստիկանություն: