Ինչպիսին էլ լինի ձեր ընտրությունը, Հայաստանում մենք կընդունենք և կհարգենք. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Արցախ

Սակայն ինչպիսին էլ լինի ընտրություն կատարելու դրդապատճառն ու հիմնավորումը, առանցքում պետք է դրվի Արցախի անվտանգությունը, ներքին համերաշխությունը, միասնականությունը արտաքին թշնամու դեմ տարած հաղթանակը փաստաթղթավորելու եւ վերջնական հանգրվանին հասցնելու անհատական եւ հավաքական հանձնառությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արցախի հանրապետության հարգելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ,

Վաղը դուք կատարելու եք Արցախի երիտասարդ պետականության համար հույժ կարեւոր ընտրություն. ընտրելու եք Արցախի նախագահ եւ ձեւավորելու եք Արցախի նոր խորհրդարան։

Յուրաքանչյուր ընտրողի մոտ ընտրության մոտիվացիան տարբերվում է ըստ քաղաքական հայացքների, անձնական կամ ընտանեկան հարաբերությունների, նախասիրությունների, ինչն ամբողջովին ընկալելի եւ հասկանալի է քաղաքական գործընթացներում։ Թվարկած բոլոր դրդապատճառները երկրորդական են եւ ստորադասվում են մեկ ընդհանուր շահին, որը մենք կոչում ենք Արցախի շահ։

Սակայն ինչպիսին էլ լինի ընտրություն կատարելու դրդապատճառն ու հիմնավորումը, առանցքում պետք է դրվի Արցախի անվտանգությունը, ներքին համերաշխությունը, միասնականությունը արտաքին թշնամու դեմ տարած հաղթանակը փաստաթղթավորելու եւ վերջնական հանգրվանին հասցնելու անհատական եւ հավաքական հանձնառությունը։

Արցախի համար պայքարը սկսվեց «ՄԻԱՑՈՒՄ» գաղափարով, կարգախոսով եւ հասավ փաստացի միավորման։ Մենք այսօր ունենք միասնական հայրենիք, ընդհանուր գաղափար, որը պետք է փոխակերպվի ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇԱՀԻ, եւ հենց այդ շահով առաջնորդվելով մենք միասին կհասնենք մեր մեծ երազանքին. ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ստեղծմանը։

Ինչպիսին էլ կլինի ձեր ընտրությունը, Հայաստանում մենք կընդունենք եւ կհարգենք այն եւ կաշխատենք Արցախի օրինակարգ Նախագահի եւ Ազգային ժողովի հետ հանուն մեծ եւ հաստատված ՀԱՂԹԱՆԱԿԻ։

Ընտրեք Հանուն ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ եւ ԲԱՐԵԿԵՑԻԿ Արցախի, ՀԱՆՈՒՆ ՄԵԿ եւ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ։

Աստված պահապան Արցախին եւ Հայաստանի Հանրապետությանը»։