Զանգերը ֆիքսելու մեխանիզմը թույլ կտա կարճ ժամանակում կանխել կոնտակտավորի շփումը․ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News      

Բադասյան

Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Նախագծի սկզբնական տարբերակում նշվում էր, որ ապաանձնավորված տվյալները (վիճակագրական տվյալներ են և չեն նույնացնում անձին) կարող են պահպանվել, բայց դա էլ կհանվի նախագծից՝ մտահոգվեու որևէ հիմք չտալու համար, որ անձի մասին տվյալները կարող են որևէ կերպ հասանելի լինել համաճարակի դեմ պայքարից բացի այլ նպատակով»,- գրել է նա։ 

Ավելի վաղ Բադասյանը հայտնել էր նաև, որ  զանգերը ֆիքսելու փաստը կարևոր է, քանի որ, եթե ֆիքսվեն վարակակրի զանգերը վերջին 14 օրվա ընթացքում (բովանդակությունը հասանելի չի լինելու) և դրանք համադրվեն տեղորոշման հետ, համաճարակի դեմ պայքարի հարցում այս տեղեկությունը չափազանց կարևոր և արդյունավետ կլինի։

«Օրինակ՝ վարակակիրը խոսել է 10 անձի հետ, 10-ից հինգի հետ նաև պարբերաբար նույն տեղանքում է եղել։ Սա նշանակում է, որ այդ 5 անձինք, մեծ հավանականությամբ, շփվել են վարակակրի հետ։ Այս գործիքակազմի կիրառման արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերջիններիս նկատմամբ, լրացուցիչ ստուգողական գործողություն կատարելով (օրինակ զանգի միջոցով) հայտնաբերել, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ նշված անձանց շփումը այլ քաղաքացիների հետ (կստուգվեն նաև այդ հինգ անձանց կոնտակտները և այդպես շարունակ)։ Մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի։
Կարծում եմ՝ մարդկանց կյանքն ու առողջությունը ամենակարևոր արժեքներն են, և համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ իրականացվող նման միջամտությունը ամբողջությամբ համաչափ է։
‼️Սա չի նշանակում, թե 100 %-ով կկարողանանք վերահսկել իրավիճակը, բայց ավելի թիրախային կդարձնենք մեր գործողությունները և մյուս սահմանափակումների հետ միասին ի զորու կլինենք փրկել կյանքեր։ Նման գործիքների կիրառումն արդյունավետ է եղել Չինաստանում, Հարավային Կորեայում, Իսրայելում։ Տեղեկացնեմ նաև, որ Եվրոպական միության երկրներում ներկայում որոշ գործիքներ արդեն իսկ կիրառվում են և այժմ էլ քննարկվում է ավելի լայն սահմանափակումներ կիրառման հարցը՝ հիմք ընդունելով նշածս երկրների օրինակները։
Հ․Գ․ Վստահ եմ՝ նման գործիքների մշակմամբ զբաղվող մասնագետներն ավելի մանրամասն կներկայացնեն գործիքների արդյունավետությունը»։