Արցախը նախագահ ու խորհրդարան է ընտրում. քվե տալու իրավունք ունի 103506 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

արցախ

Ժամը 08:00-ին Արցախի Հանրապետությունում բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Երկրում նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրություններն են:

Համաձայն ԿԸՀ տեղեկանքի՝ Արցախի Հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը 103 506 է: Մայրաքաղաքում և շրջաններում պատկերը հետևյալն  է. Ստեփանակերտ` 39 218 ընտրող, Ասկերանի շրջան` 11 832, Հադրութի շրջան` 8 617, Մարտակերտի շրջան` 13 092, Մարտունու շրջան`17 398, Շահումյանի շրջան` 2 136, Շուշիի շրջան` 3 930, Քաշաթաղի շրջան` 7 283:

ԿԸՀ-ն հայտնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 15:00-ից սկսած, կգործի ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գիծ: Ընտրական գործընթացին վերաբերվող Ձեր հարցերով կարող եք զանգահարել 8008 կարճ անվճար համարին:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 14 թեկնածու. «Անկախության Սերունդ» կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, «Արդարություն» կուսակցությունը` Վիտալի Բալասանյանինը, Պահպանողական կուսակցությունը` Դավիթ Բաբայանի թեկնածությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»` Դավիթ Իշխանյանինը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը` Աշոտ Ղուլյանինը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` Հայկ Խանումյանին, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` Արայիկ Հարությունյանինը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը` Վահան Բադասյանինը, ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։

Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 10 կուսակցություն։

Ընտրություններին դիտորդական առաքելության համար Արցախ են մեկնել նաև Հայաստանի ԱԺ-ից ներկայացուցիչներ, ինչպես նաև արտերկրից դիտորդներ: Նրանք, ինչպես նաև Հայաստանից Արցախ մեկնած բոլոր լրագրողները կորոնավիրուսի թեստ են հանձնել: