ԱԺ-ում կարող է բացվել խորհրդականի 15 հաստիք. ի՞նչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

աժ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի թիվը կարող է ավելանալ ևս 15-ով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Վլադիմիր Վարդանյանը, Համազասպ Դանիելյանը, Արթուր Դավթյանը և ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին օրենքում» և ավելացնել այնպիսի հաստիքներ, ինչպիսին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականն է և ԱԺ խմբակցության խորհրդականը:

Նկատի ունենալով, որ ԱԺ-ում կա 12 մշտական հանձնաժողով և 3 խմբակցություն, այս փոփոխության ընդունման դեպքում կունենանք 15 խորհրդականի նոր հաստիք: Սա իսկապես լուրջ ներդրում կլինի երկրում գործազրկության կրճատման գործում: Պատգամավորները ճիշտ կանեն, եթե մտածեն այդ խորհրդականներին գոնե երկու օգնական հատկացնելու հնարավորության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: