Բոլոր 14 թեկնածուներն էլ աջակցություն ունեն ՀՀ իշխանություններից. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Արցախի Հանրապետության նախագահի 13 թեկնածուներն էլ Արայիկ Հարությունյանին հարազատ են, բոլորի հետ էլ ունի անցած ճանապարհ։ Այդ մասին ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Արայիկ Հարությունյանը։

«Ընտրությունս կատարել եմ մեր երկրի ու ապագայի համար, խաղաղության, համերաշխության և ամենակարևորն այս փուլում՝ առողջության համար»,- ասել է նա։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրության ընթացքը, թեկնածուն ասել է՝ նորմալ, բավարար, և նկատել, որ ակտիվությունը մեծ է: 

«Մտահոգությունը, որ կարող էր պասիվություն լինել հանրության կողմից… տեսնում եք՝ ինչպիսի ակտիվություն էր։ Եվ սա մեր արցախցիների քաղաքացիական բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է։ Շնորակալություն եմ հայտնում մեր արցախցիներին, որոնք համբերատար հանդուրժել են մեզ և այսօր մասնակցում են քաղաքացիական ընտրությանը»,-ասել է նա։

Դիտարկմանը, թե ընտրատեղամասերի դիմաց կան իրենց հերթին սպասող մոտ 200 ընտրողներ, վտանգավոր չէ՞ այդ թվով քաղաքացիների կուտակումը, Արայիկ Հարությունյանը պատասխանել է. «Բժիշկ չեմ եւ ոչ էլ առողջապահության մասնագետ։ Ես պարբերաբար հայտարարել եմ՝ եթե մեր առողջապահական համակարգի պատասխանատուները որոշեին, որ անհնար է պահել սանիտարահիգիենիկ համաճարակային այդ նորմերը, ապա պետք է հետաձգվեին։ Վստահեցրել են, որ այս ամենը հնարավոր է լինելու»։

Մեկ այլ դիտարկմանը, թե Հայաստանում քաղաքացիներին արգելում են դուրս գալ տնից, իսկ Արցախում հորդորում են՝ դուրս գալ տնից, Հարությունյանն ասել է. «Մենք չենք ասել՝ տնից դուրս եկեք։ Այսօր մեզ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում։ Պետք է ազգովի միավորվենք։ Համերաշխություն եմ ցանկանում, որ կարողանանք դիմակայել ոչ միայն համաճարակին, այլ սպասվող տնտեսական աղետին։ Դրա համար Արցախում պետք է լինի լեգիտիմ իշխանություն, որը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ կկարողանա իրականացնել այն կարեւոր առաքելությունը, որը մեզ սպասվում է»։

Իսկ ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը չմիացավ մի քանի թեկնածուների՝ նախագահական ընտրությունները հետաձգեու առաջարկին, հարցին նախագահի թեկնածուն պատասխանեց. «Ասել եմ, եթե մեր իշխանություններն ու պատկան մարմինները որոշեն հետաձգել, ապա ես կողմ կլինեի»։

Հարցին՝ Արայիկ Հարությունյանն ունի՞ աջակցություն Հայաստանի Հանրապետությունից, նախագահի թեկնածուն ասաց. «Բոլոր 14 թեկնածուներն էլ աջակցություն ունեն Հայաստանի իշխանությունների կողմից»։