Արտակարգ պայմաններում` արտակարգ գնաճ. Վահե Էնֆիաջյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

տնտեսություն

«Չնայած նրան, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի ընդունում, որ ապրանքների գները վերջին օրերին աճել են, պետք է նշել, որ բոլորիս համար էլ փաստ է, որ շատ ապրանքների գներ շարունակական աճ են գրանցում»: Այս մասին ֆեյսբուքայն էջում գրել է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

«Դրանց թվին են դասվում հացը, կաթնամթերքը, բանջարեղենը, միրգը և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Մասնավորապես ահռելի աճ է գրանցել կոճապղպեղի գինը՝ հասնելով 15 900 դրամի, երբ համավարակի տարածումից առաջ այն վաճառվում էր 2200-2500 դրամի սահմաններում:
Հիրավի այս երևույթը էլ ավելի է խորացնում այն խիստ վատ պատկերը, որը ձևավորվել է այսօր: Ներկայումս մեծ թվով մարդիկ արդեն իսկ զրկվել են իրենց եկամուտներից և կանգնած են խորը ճգնաժամի առաջ: Այլ կերպ ասած՝ օրեցօր մեր հանրապետությունում տեղի է ունենում մարդկանց թե անվանական, թե իրական եկամուտների կտրուկ նվազում, որը վստահաբար կբերի շատ վատ հետևանքների: Այս պայմաններում ՀՀ կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի մի կողմից թույլ չտալ մարդկանց եկամուտների կտրուկ նվազում, իսկ մյուս կողմից պետք է ամեն ինչ անի, որպեսզի չնվազի մարդկանց իրական եկամուտները, այլ կերպ ասած՝ ունեցած աշխատավարձի, կենսաթոշակի, նպաստների գնողունակությունը: Դա ապահովելու միակ տարբերակը այս արտակարգ իրավիճակում գների կայունության ապահովումն է, որը ներկայումս ունի ռազմավարական բնույթ»: