Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերը կընդունվեն ապրիլի 15-ից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

կգմսն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը ընդունվում են 2020 թվականի ապրիլի 15-ից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, կարող են դիմել կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիները.

1. Բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում հանձնաժողովին դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝

 

1) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետևյալ առարկայական միջազգային օլիմպիադաներում՝

ա. «International Mathematikal Olympiad, IMO»` մաթեմատիկա առարկայից,

բ. «International Physics Olympiad, IPhO»` ֆիզիկա առարկայից,

գ. «International Chemistry Olympiad, IChO»` քիմիա առարկայից,

դ. «International Olympiad in Informatics, IOI»` ինֆորմատիկա առարկայից,

ե. «International Biology Olympiad, IBO»` կենսաբանություն առարկայից,

զ. «International Philosopy Olympiad, IPO»` փիլիսոփայություն առարկայից,

է. «International Astronomy Olympiad, IAO»` աստղագիտություն առարկայից,

ը. «International Olympiad on Astronomy and Astrophysics, IOAA»` աստղագիտություն և աստղաֆիզիկա առարկաներից,

թ. «International Geography Olympiad, IGeO»` աշխարհագրություն առարկայից,

ժ. «International Linguistics Olympiad, ILO»` լեզվաբանություն առարկայից,

ժա. «International Junior Science Olympiad, IJSO»` բնագիտություն առարկայից,

ժբ. «International Earth Sciense Olympiad, IESO»` երկրի մասին գիտություն առարկայից,

2) քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:

2.Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները գնահատվում են ըստ՝

1) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների.

2) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով գիտաժողովների զեկույցների.

3) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում ստացած գիտակրթական մրցանակների.

4) ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում), որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը.

3.Սույն կարգի 8-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 80 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա՝ համաձայն ձևի: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 51 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

4.Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, կարող են դիմել սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիները.

1) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 4 տարվա ընթացքում օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները: Սույն ենթակետով նախատեսված պայմանը կիրառելիս՝ թենիս մարզաձևում Դևիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը.

 2) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները, նավամոդել և բազկամարտ մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները.

3) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 30 մարզիկների.

4) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, կարող են դիմել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիները.

1) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի և արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները.

2) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները.

3) միջազգային հեղինակավոր հարթակներում (բեմերում) և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:

Նախարարությունը խնդրում է դիմումը և դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել փակ ծրարով և թողնել դիմումների համար նախատեսված արկղում: Փաստաթղթերի բնօրինակները ենթակա են վերադարձի մեկ շաբաթվա ընթացքում: