Հարությունյանի և Մայիլյանի կողմնակիցների ծեծկռտուքի անդամներին տրվել է դատաբժշկի ուղեգրեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ю

Ի պատասխան մամուլում և սոցիալական ցանցերում տարածված «Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության» վերաբերյալ տեսանյութի տեղեկացնում ենք, որ նշված դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում երեկվանից ստուգումներ են իրականացվում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության  ոստիկանությունից:

«2020 թվականի մարտի 31-ին, ժամը 23:00-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հաղորդել է այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի շառայողը պարզել է, որ Մուշ գյուղի թիվ 8/46 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է առաջացել Կովսական քաղաքի բնակիչ Ա. Մ.-ի և Մուշ գյուղի բնակիչ Հ. Վ.-ի միջև, որին միջամտել են նույն վայրում գտնվող Մուշ գյուղի բնակիչներ՝ Վ. Խ.-ն, Է. Ս.-ն, Պ. Ա.-ն, որից հետո նույն վայր են ներկայացել Կովսական քաղաքի բնակիչներ՝ Հ. Դ.-ն, Կ. Մ.-ն, Ա. Դ.-ն և Ս. Դ.-ն, որի ժամանակ կողմերը հարվածներ են հասցրել միմիանց և պատճառել մարմնական վնասվածքներ: Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր»,-ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Կարապետյանը գրել էր, որ Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա եւ ծեծկռտուք սարքել: