Արցախի պետական հիմնարկներում կազմակերպվել են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

կորոնավիրուս

Մարտի 14-ից սկսած, շուրջօրյա բժշկական հսկողություն է իրականացվում «Աղավնո» ու «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետերում, իսկ մարտի 17-ից նման միջոցառումներ իրականացվում նաև են «Խնձորեսկ» և «Կապան-Կովսական» սահմանային հսկիչ կետերում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Բոլոր հսկիչ կետերը ապահովված են հակահամաճարակային միջոցառումներն իրականացնող անձնակազմի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններով: Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում հսկողական աշխատանքներն իրականացվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի, ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի համատեղ հրամանով սահմանված կարգով, ըստ որի՝ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կազմակերպվում է Արցախ մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափումը, և դրա արդյունքից ու ռիսկային գոտուց ժամանած լինելու հանգամանքից ելնելով՝ ձեռնարկվում են հրամանով սահմանված համապատասխան միջոցառումները:

Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների հաջորդ համալիրը ուղղված է Արցախի տարածքում մարդկային շփումները նվազագույնի հասցնելու միջոցով վարակի տարածման կանխարգելմանը, որի համար`

-առաջնահերթ դադարեցվեց ուսումնական գործընթացը՝ նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում և իրականացվեցին շենքերի ու շինությունների ախտահանման աշխատանքներ.

-մեկ ամսով՝ սկսած մարտի 16-ից, սահմանափակվել են զանգվածային, այդ թվում՝ մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական և այլ միջոցառումները, ինչպես նաև կասեցվել են գրադարանների, թանգարանների, թատրոնների, պատկերասրահների և համերգասրահների աշխատանքները.

Միաժամանակ, Արցախի Հանրապետության պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է դիտարկել իրենց ղեկավարած մարմնի և ենթակայությամբ գործող պետական հիմնարկների աշխատողների կողմից աշխատանքի կատարման հեռավար եղանակի հնարավորությունը մեկ ամսով՝ սկսած մարտի 16-ից: Առաջնահերթ, դա վերաբերում է նախադպրոցական և դպրոցական տարիքի ու հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարեկան, առողջական խնդիրներ ունեցող աշխատողներին․

-պետական հիմնարկներում կազմակերպվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Ախտահանման հնարավորություններ են ստեղծված նաև այդ հիմնարկներն այցելողների համար.

-իրականացվում են նաև քաղաքային և միջշրջանային տրանսպորտի ախտահանման միջոցառումներ.

-Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառի հարցերի վերաբերյալ սպառողների և սննդամթերքի իրացման կետերի աշխատողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ձեռնարկել է սննդամթերքի արտադրություններում, իրացման վայրերում և հանրային սննդի օբյեկտներում պարտադիր առաջնորդվելու համար համապատասխան ուղեցույցներ տարածելու նախաձեռնությունը: