Ապրիլյանի հերոսներն իրենց սխրանքներով մնացին մեր աղոթքներում. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

աննա

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված տղաների մասին:

«Արդեն չորս տարի է՝ ապրիլի 2-ի առավոտը սկսվում է՝ մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով։

Արմենակը, Ռոբերտը, Ժորան, Քյարամը, Հովսեփը, Արգիշտին, Բենիամինը և Ապրիլյանի մնացած հերոսներն իրենց սխրանքներով մնացին պատմության քառուղիներում, մնացին մեր հիշողության մեջ ու մեր աղոթքներում։

Նրանց ոգին ամուր էր, կամքը՝ անկոտրում, նպատակները՝ արդար: Նրանք լցված էին հայրենասիրությամբ ու ոգևորված՝ հայրենիքը պաշտպանելու վեհ գաղափարով։

Խոնարհվում ենք Ձեր շիրիմների առաջ, խոնարհվում ենք Ձեր կատարածի և Ձեր հայրենասիրության առաջ։

Ապրիլի 2-ը միայն Ապրիլյան մարտական գործողությունների տարելիցը չէ, այն նաև կատարվածը վերարժևորելու, վերաիմաստավորելու ամսաթիվ է։

Ապրիլի 2-ը ոչ միայն մեր հերոս զոհերի հիշատակը հարգելու ամսաթիվ է, այլև խաղաղության գնահատման, խաղաղությունը որպես բացարձակ արժեք դիտարկելու ամսաթիվ։

Խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են։ Խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր հանդգնում են դրա մասին երազել, ուժ են գտնում այն համատեղ իրագործել։

Խաղաղությունը անհատական և միասնական ջանք է պահանջում։

Ուստի սկսենք այսօրվանից և մեր ամեն օրն ուղղենք հանուն խաղաղության հաստատման, հանուն մեր ապագայի, հանուն մեր երեխաների բարեկեցիկ կյանքի, հանուն այսօր «Եռաբլուր»-ում ննջող մեր հերոսների հիշատակի»,-գրել է Աննա Հակոբյանը: