Արցախի ԱԺ նախագահի կուսակցությունը խորհրդարանում միայն 2 պատգամավոր կունենա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

Արցախ

«2 պատգամավորի համար նախատեսված շեմն ենք հաղթահարել՝ հավաքելով 5․81 տոկոս ձայն։ Ընդունում ենք ընտրությունների արդյունքները, այլ մանրամասներ այս պահին չենք կարող ասել։ Կուսակցությունը մանդատները տալու է այն մարդկանց, որոնք, համոզված ենք, որպես պատգամավոր լիարժեք կիրականացնեն իրենց աշխատանքը։ Դժվար է լինելու, բայց թեկուզ 2 պատգամավորի միջոցով փորձելու ենք կուսակցության ծրագրերն առաջ տանել», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» խոսնակ Անուշ Ղավալյանը։ 

«Ընտրություններն աննախադեպ էին մրցակցության առումով։ Չնայած եղել են գործոններ, որոնք ազդել են գործընթացների վրա։ Կորոնավիրուսի հետ կապված մտավախություններ ունեինք, որ մրցակցության ցածր տոկոս կունենանք, սակայն հաղթահարեցինք դա։ Ընդհանուր առմամբ ընդունում ենք գրանցած արդյունքները», - նշեց խոսնակը։

Արցախի Ազգային ժողովն իր աշխատանքները կսկսի մայիսին, թե ի՞նչ գործելաոճ կունենա Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, խոսնակը չշտապեց ներկայացնել, միևնույն ժամանակ նշեց, որ կուսակցությունը պատրաստ է լինելու գործակցել այն բոլոր ուժերի հետ, որոնք կաջակցեն իրենց ծրագրերին։

Սոնա Գրիգորյան