ԱՄՆ-ում ամենուր բացվում են ժամանակավոր հոսպիտալներ․ Ամերիկայի Ձայն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

հոսպիտալ

Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ:  Քաղաքային իշխանությոնները շատ վայրերում բացում են վրանային հիվանդանոցներ: Իրավիճակը մոտ է պատերազմականին։

Նյու Յորքի Քվինս թաղամասի Էլմհարսթ հիվանդանոցը հայտնվել է քաղաքում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնում: Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ հիվանդների: Վերջիններիս սպասարկելու համար հիվանդանոցին կից բացվել են վրանային բուժօգնության կետեր: Գրել է «Ամերիկայի Ձայն»-ը։

Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Բրուքլինի հիվանդանոցում, որը ևս պետական բուժհաստատություն է: Բոլոր բժշկական կենտրոնները մարդաշատ են, ամենուրեք լսվում է անցնող շտապ օգնության ավտոմեքենաների ձայնը: Որոշ հատվածներում կարելի է հանդիպել սառնարաններով բեռնատարների:

Այժմ Միացյալ Նահանգներում ընթանում է հարյուրավոր ժամանակավոր հիվանդանոցների կառուցման գործընթաց՝ կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար: Այսօր ԱՄՆ-ում հիվանդների թիվն անցել է 200 հազարը: Կորոնավիրուսից մահացել է շուրջ 4300 մարդ: Այս թիվը գերազանցել է ընդհանուր մահացածների թիվը Չինաստանում, որտեղ սկսվել էր համաճարակը:

ԱՄՆ պաշտոնական աղբյուրները նշում են , որ մահերի թիվը կարող է լինել անհամեմատ ավելի մեծ՝ 100 մինչև 200 հազար մարդ:

Հաշվի առնելով այս զարգացումներն` ամերիկյան բանակի ինժեներական ստորաբաժանումները ձեռնարկել են ժամանակավոր հիվանդանոցների ստեղծման գործընթաց՝ բազմաթիվ կենտրոններ, հյուրանոցներ և այլ տարածքներ վերածելով բուժսպասարկման կետերի:

Նյու Յորքում ևս շատ տեղերում հիմնվում են ժամանակաբոր հիվանդանոցներ: Դրանցից մեկը բացվել է Նյու Յորքի նշանավոր Սենթրալ Փարքում, մեկ այլ բուժսպասարկման կենտրոն է հիմնվել թենիսի ազգային կենտրոնում, որտեղ սովորաբար անցնում է թենիսի ԱՄՆ-ի բաց մրցաշարը:

Լոս Անջելեսի “Մերսի” նավի օրինակով այստեղ ևս ժամանակավոր հիվանդանոցներ են բացվել նավի վրա Հուդզոն գետում, որոնք կարող են ընդունել մինչև 1000 հիվանդի: Նյու Յորքը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած նահանգը: