Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա պարտադրանք և ճնշում է գործադրվել. Փայլան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

փայլան

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը բազմաթիվ այլ հիմնադրամների հետ մեկտեղ հատուկ գրություն է ուղարկել նաև ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամներին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռչակած «Ազգային համերաշխության արշավ» անվանումով և «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով դրամահավաքին մասնակցելու խնդրանք-պահանջով։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը այս առթիվ քննադատություն է հնչեցրել միևնույն ժամանակ հարցում է ուղարկել Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Փայլանը մասնավորապես նշել է, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության կողմից ուղարկված գրությունն ուղղակի պարտադրանք է և ճնշում է գործադրվում ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա։

Հայ պատգամավորը հարցումը այսպես է ձևակերպել.

1. Նյութական առումով ծանր և դժվար այս ժամանակաշրջանում, երբ պետությունը ինքը պետք է աջակցություն ցուցաբերի ազգային փոքրամասնությունների հիմնադրամներին, ինչու՞ եք դուք «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» արշավի շրջանակներում ազգային փոքրամասնությունների հիմնադրամներից աջակցություն պահանջել։

2. «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» արշավի շրջանակներում ձեր պահանջած աջակցությունը չե՞ք կարծում, որ կարող է ընկալվել ճնշման միջոց, իսկ այդ գրությունը կարող է ընկալվել որպես պարտադրանք։