Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

զախարովա

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ սահմանին շարունակվում են հրադադարի խախտման դեպքերը, միևնույն ժամանակ գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական կառույցները, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները»:  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական ուժերի կողմից արձակված կրակոցներին, որի հետևանքով հրազենային վիրավորում են ստացել զինվորականներ և դպրոցահասակ երեխա:

Զախարովան նշել է, որ կան վիրավորներ, այդ թվում և խաղաղ բնակչության շրջանում:

«Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել, զերծ մնալ ուժի կիրառումից և կրկին նստել բանակցային սեղանի շուրջ, երբ դրա համար օբյեկտիվ պայմաններ ստեղծվեն»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությամբ հանդես էր եկել ՀՀ ԱԳՆ-ն՝ ասելով. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 14-ամյա բնակիչը: Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող»: