Ավազակային հարձակում Սյունիքում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

․

 

2020թ. մարտի 31-ին՝ ժամը 10:33-ին, Սյունիքի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին,  որ իր հարեւանի տուն ինչ-որ մարդիկ են մտել եւ կատարել գողություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, համագյուղացի կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթի հետ, 2020թ. մարտի 30-ին դարանակալել է դրսում, իսկ ծանոթը, լոգարանի ապակին հանելու եղանակով, ապօրինի մուտք է գործել վերը նշված կնոջ բնակարան եւ խոհանոցային դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հափշտակել է ոսկյա եւ արծաթյա զարդեր, ինչպես նաեւ բջջային հեռախոս՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս, որից հետո երկուսով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի (ավազակության հանցակցություն) 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով:

Նախաքննությունը շարունակվում է: