Հյուսիսային Կորեայի իշխանությունը հայտնել է՝ երկրում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

Կորեա

Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հաստատվել։  Այս մասին France-Presse-ին հայտնել է Փհենյանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Հունվարին Հյուսիսային Կորեայի իշխանությունը ամբողջությամբ փակել էր երկրի սահամանները, 40 օրով  շուրջ 10 հազար մարդու կարանտինի է ենթարկել։ Գրել է rfi.fr կայքը։

«Մենք այնպիսի գիտական և կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկել, ինչպիսիք են երկիր ժամանած բոլոր օտարերկրացիներին ստուգելը և կարանտին ռեժիմ տեղափոխելը, ներկրվող ապրանքների ամբողջական ախտահանումը, ինչպես նաև սահմանների փակումը և ծովային ու օդային փոխադրումների դադարեցումը»,- հավելել է պաշտոնյան:

Սահմանների փակվելուց հետո երկրում հավանական համաճարակի դեմ պայքարի հատուկ կենտրոն է ստեղծվել։ Երկրի իշխանությունները հայտնել են, որ ԿԺԴՀ-ն նաև կորոնավիրուսի առկայությունը ստուգող անալիզներ հանձնելու արդյունավետ համակարգ է ստեղծել։

Հյուսիսային Կորեան աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ ԱՀԿ-ն Covid-19-ի որևէ դեպք չի գրանցել: Սակայն շատ փորձագետներ նշում են, որ Հյուսիսային Կորեայի հարևան երկրներում կորոնավիրուսը շատ ակտիվորեն է տարածվում, ուստի՝ հնարավոր է, որ այստեղ կան վարակման դեպքեր, որոնք, սակայն, իշխանությունները թաքցնում են։