Չնայած Հայաստանում արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ դիմում են ապօրինությունների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

Էջմիածնի քաղաքապետարան

Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից եւ դիմում ապօրինությունների։  Այս առնչությամբ Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Մասնավորապես, անտեսելով օրենքը, ինչպես նաեւ նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները եւ հուսալով, թե համայնքապետարանն այս ընթացքում հեռավար աշխատանքի կազմակերպման պատճառով կանցնի պասիվ գործունեության` որոշ անձինք ծավալում են ապօրինի շինարարական աշխատանքներ` խախտելով օրենքն ու արտակարգ դրության կանոնները, վտանգելով հանրային առողջությունը:

Հարգելի´ քաղաքացիներ, Էջմիածնի քաղաքապետարանը զգուշացնում է, որ խիստ հետամուտ է օրենքով սահմանված կարգի պահպանմանը եւ իրավիճակից օգտվող անձինք կենթարկվեն պատասխանատվության` օրենքի ողջ խստությամբ:
Էջմիածնի համայնքապետարանը, արտակարգ դրության օրերին ապօրինի շինարարությունը եւ հողազավթումները բացառելու համար, սահմանել է քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակիցների ամենօրյա հերթապահություն. ոչ մի ապօրինություն չի վրիպելու քաղաքային իշխանության աչքից:

Կոչ ենք անում խուսափել պատասխանատվությունից, զերծ մնալ ապօրինի շինարարությունից, բացառել ապօրինի հողազավթումն ու ապօրինի հողաշինարարությունը եւ խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները` այս օրիներին նաեւ չվտանգելով ձեր եւ ձեր հարազատների առողջությունը»