Դատարանը Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի մասով որոշում կկայացնի. ՀԺ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ռազմիկ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է, որ վերաքննիչ բողոք էին ներկայացրել Ռազմիկ Աբրահամյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ: Բողոքի քննությունը, փաստորեն, ավարտվել է:

Հիշեցնենք՝ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փետրվարի 22-ին խստացվել էր. նախկին 167-րդ հոդվածի 2-րդ կետի փոխարեն նրան մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածի 3-րդ կետով (կազմակերպված խմբի կողմից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ): Աբրահամյանը մեղադրվում է նաև ՀՀ ՔՕ-ի 200-րդ հոդվածով՝ առեւտրային կաշառքի համար: Մեղադրանքի խստացումից հետո դարձյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը, այդպիսով Աբրահամյանը երկրորդ անգամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: 

Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ. ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողմից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, որով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Դեպքի մասին ԱԱԾ-ն հայտարարել է 2019 թվականի նոյեմբերի 14-ին: