Disney-ի աշխատակիցները մեկնում են չվճարվող արձակուրդի. TAСС

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

դիսնեյ

The Walt Disney Company ընկերությունը հինգշաբթի կորոնավիրուսով պայմանավորված որոշում է կայացրել ԱՄՆ-ում իր մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներին չվճարվող արձակուրդի ուղարկել: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը, փոխանցում է ТАСС-ը:

Պարբերականի փոխանցմամբ ՝ անձնակազմը կսկսի արձակուրդի մեկնել ապրիլի 19-ից: Չի հստակեցվում, թե քանի մարդ ժամանակավորապես կմնա առանց աշխատանքի և որքան կտևի նրանց արձակուրդը:

Աշխատակիցները նաև կկարողանան շարունակել օգտվել բժշկական ապահովագրությունից։ Բացի այդ, նրանք հնարավորություն կունենան դիմել գործազրկության նպաստի համար։

Ընկերության ներկայացուցիչը դեռևս ապրիլի 2-ին հայտարարել է, որ հստակ պատկերացումներ չկան՝ երբ կվերսկսվի բիզնեսը:

Շանհայի և Հոնկոնգի այգիները փակվել էին մինչ վիրուսի տարածվելը, իսկ անցյալ ամիս ընկերությունը ստիպված էր փակել Walt Disney World-ը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ այգիների աշխատանքը կդադարեցվի մինչև մարտի վերջ, սակայն անցած ուրբաթ որոշվել էր դեռ չվերսկսել աշխատանքները: Անմիջապես այն բանից հետո, երբ այդ որոշման մասին հայտնի դարձավ, ընկերության բաժնետոմսերը նվազեցին 8,5 տոկոսով ։

Բացի այգիներից, տուժել են նաև Disney-ի այլ ենթակառուցվածքներ:

Ամբողջ աշխարհում կինոթատրոնների փակվելու հետևանքով հետաձգվել է այնպիսի բլոկբասթերների ցուցադրությունը, ինչպիսիք են «Մուլան» և «Սև այրին» ֆիլմերը, նկարահանման ընթացքի մեջ գտնվող ֆիլմերի նկարահանումները դադարեցվել են: