ՀՀ ԱԻՆ-ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով համապատասխան ստորաբաժանումն անցել է բնակչության տեղաշարժի վերահսկման ծառայության իրականացմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության տեղաշարժի սահմանափակումները վերահսկելու համար Ոստիկանական ուժերին միացել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական ոստիկանության ուժերը։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով համապատասխան ստորաբաժանումն անցել է ծառայության իրականացմանը։

Ստուգվում է տեղաշարժման թերթիկների և անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը։

Սահմանափակումների նոր ռեժիմը գործում է նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, որոնք պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները։ Այն տրվում է գործատուի կողմից:

Քաղաքացիները գիտակցում են վերահսկողության արդյունավետությունը։

ԱԻՆ մասնագետները բնականոն հունով շարունակում են ծառայությունը։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղյակ են պահում ոստիկանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։