ԿԳՄՍ-ն պայմանավորվել է կապի օպերատորների հետ էժան կրթական սակագին սահմանելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի կապի օպերատորների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ կրթական ոլորտում էժան սակագին սահմանելու համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Կապի օպերատորների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ հատուկ էժան` կրթական սակագին սահմանելու համար: Տեխնիկական վերջին կարգավորումներից հետո կներկայացնենք մանրամասներ»,- գրել է Հարությունյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am:

Բացի այդ, պետությունը հեռավար կրթության պիլոտային ծրագրի շրջանակում ստեղծել է Հանրային հեռուստաընկերության եթերում կոնկրետ ժամերի աշակերտների համար դասերի և դասախոսությունների անցկացման հնարավորություն: