Կորոնավիրուսով վարակվածները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

կորոնավիրուս

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանը մարտի 31-ին իր ֆեյսբուքայան էջում տեղեկացրել էր. «Կորոնավիրուսով վարակված 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն»:

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, պացիենտները սխալ տեղեկություններ են տվել իրենց վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջիններս ո՛չ բնակության հասցեն են ճիշտ տվել, ո՛չ հեռախոսահամարը և ո՛չ էլ իրենց անուն-ազգանուները: Այսինքն՝ ոչ թե չեն կարողանում ճշտել, այլ իրենց են խաբել։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Բաբախանյանից փորձեց պարզել, թե ինչ փուլում իրենց ճշտումները. «Այդ 30 հոգին հաստատված, հիվանդանոցում պառկած, բուժում ստացող պացիենտներ են: Պարզապես քարտեզագրման համար իրենց տված անձնական տվյալները և անձնագրում նշված տվյալները` միայն բնակության մասով, չեն համապատասխանում: Այսինքն՝ խնդիրը միայն քարտեզագրման մեջ է, ոչ թե մարդուն կորցնելու»: Վերջինս նաև փոխանցեց, որ արդեն ճշտվել է ամեն ինչ, խնդիր չկա»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: