Դատավոր Բալայանը կալանքից ազատ է արձակել նախկին ցմահ դատապարտյալին, գործը նորից կքննվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

գործ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր կալանքից ազատել է նախկինում ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ ներկայում՝ ամբաստանյալ Խոսրով Ավագյանին՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը։ Այդ մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Ավագյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը։

Խոսրով Ավագյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել  2008-ի հոկտեմբերի 21-ի դատավճռով՝ շահադիտական դրդումներով երկու անձի սպանության համար։

2018 թվականի նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ «Խոսրով Ավագյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճռով» ճանաչել է Խոսրով Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝  2019 թվականի մարտի 19-ին Խոսրով Ավագյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել և խնդրել  բեկանել իր վերաբերյալ 2008 թվականին կայացված դատավճիռը, Վերաքննիչ քրեական, Վճռաբեկ դատարանների որոշումները և գործն ուղարկել նոր քննության։

2019 թվականի նոյեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բավարել Ավագյանի վճռաբեկ բողոքը, արդյունքում Խոսրով Ավագյանի վերաբերյալ դատավճիռը և մյուս դատական ակտերը բեկանվել են, և գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Գործն այժմ քննվում է դատավոր Դավիթ Բալայանի վարույթում։ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Լյուդվիգ Ավետիսյանը աղբյուրի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն առողջական ծանր վիճակում է գտնվում, կալանավայրում խնամող չունի, չի տեսնում, ինքնուրույն քայլել և շարժվել չի կարողանում, և այս հանգամանքները մատնանշելով՝ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ավագյանին կալանքից ազատելու վերաբերյալ։

Ավետիսյանի խոսքով՝ դատավոր Դավիթ Բալայանի որոշման մեջ մի շարք միջազգային նորմերի իրավական վերլուծությունից բացի, առանցքային նշանակություն է տվել նաև Խոսրով Ավագյանի առողջության վերաբերյալ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կայացված միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությունը, համաձայն որի՝ Ավագյանի մոտ առկա է «տեսողության սրության արտահայտված իջեցում՝ կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա, երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 0․05-ը և չի կարող կորեկցիայի ենթարկվել, ինչպես նաև առողջության խախտումներ՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով, որոնք պայմանավորված են հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով։