«Աղետալի» այս իրավիճակում ընդդիմությունն ամոթալի կեցվածք է ընդունել. Ջուլհակյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

քաղաքական

Կորոնավիրուսի դեմ իրականացվող քայլերի, կառավարության և պարետատան աշխատանքի արդյունավետության, արտակարգ դրությունից բխող հետևանքների, իշխանություններին այս օրերին քննադատող ընդդիմության և հարակից այլ հարցերի շուրջ 24News-ը զրուցել է ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ:

-Տիկին  Ջուլհակյան, որպես գործադիրին վերահսկող մարմնի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում կառավարության և պարետատան աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարում: 

- Թե՛ որպես ԱԺ պատգամավոր, թե՛ որպես ՀՀ քաղաքացի կառավարության և, մասնավորապես, պարետատան աշխատանքները կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում շատ բարձր եմ գնահատում։ Մարդիկ եղած սուղ ռեսուրսներով շուրջօրյա, անտրտունջ և անխոնջ աշխատանք են տանում՝ հետևողականորեն և արդյունավետ պայքարելով կորոնավիրուսի դեմ։ Ըստ իս՝ թե՛ կառավարության, թե՛ նախքան արտակարգ դրությունը օպերատիվ շտաբի, և թե՛ արդեն արտակարգ դրություն հայտարարելուց հետո, պարետատան կողմից արված գործողությունները, կանխարգելիչ միջոցառումները և կայացրած որոշումները եղել են տեղին, ժամանակին, հավասարակշռված և կշռադատված՝ առանց  ավելորդ էմոցիաների՝ հաշվի առնելով թե՛ հանրային առողջությունն ու անվտանգությունը, և թե՛ ստեղծված իրավիճակում հնարավոր տնտեսական վնասների հետևանքները պետության և հանրության համար։

- Ընդդիմությունն ասում է, որ իշխանության քայլերն ուշացած էին, անլուրջ էին, չնայած, որ հիմա անում են հնարավորը: 

- Ընդդիմությունն, ըստ իս, շատ ամոթալի կեցվածք է ընդունել համաշխարհային մասշտաբի «աղետով» պայմանավորված այս իրավիճակում։ Իհարկե, շատ լավ կլիներ, եթե ունենայինք իսկապես հասուն ընդդիմություն, որն ստեղծված իրավիճակից կարծես թե ուրախացած՝ քաղաքական «աչոկներ» և դիվիդենտներ քաղելու, էժանագին պոպուլիզմով զբաղվելու ու իշխանություններին հարվածելու հրաշալի առիթն օգտագործելու փոխարեն, գիտակցեր պահի լրջությունը և լծվեր համամարդկային, համընդհանուր վտանգի  հաղթահարմանն ուղղված պայքարին։ Սա քաղաքական «խաղեր տալու» ամենահարմար ու պատեհ ժամանակը չէ։ Այ նման գործելաոճն է, որ իսկապես անլուրջ է։

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով էին իշխանության քայլերն ուշացած կամ անլուրջ, պետք է մանրամասն անդրադառնամ մի քանի հանգամանքի։ 

Նախ նշեմ, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելմամբ զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվել է դեռևս հունվարի վերջին։ Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով թեստեր են արվել դեռևս փետրվարի սկզբին, երբ կորոնավիրուսը նոր-նոր էր սկսում տարածվել Չինաստանում, իսկ աշխարհի մյուս երկրներում հատուկենտ դեպքեր էին գրանցվել։ Փետրվարից սկսված Հայաստան բոլոր ժամանողները պարտադիր ջերմաչափվում էին անցակետերում, ախտանիշներ ունեցող յուրաքանչյուրին ցուցում էր տրվում ինքնամեկուսացվել։

Վերջիններիս հետ մշտական կապ էր պահվում բուժաշխատողների կողմից, կատարվում էին համապատասխան ստուգումներ և զննումներ։ Փետրվարի 25-ին փակվել է Իրանի հետ սահմանը։ Այդ օրերին, եթե չեմ սխալվում, Իրանում արձանագրվել էր կորոնավիրուսի ընդամենը մի քանի տասնյակ դեպք՝ 50-ից ցածր։

Կորոնավարակի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է սույն թվականի մարտի 1-ին, և այդ իսկ օրը փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները մեկ շաբաթով։ Մարտի 9-ին դասերը վերսկսվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որևէ նոր դեպք գրանցված չի եղել, իսկ առաջին դեպքի կոնտակտավոր անձինք արդյունավետ կերպով մեկուսացված են։ Մարտի 11-ին հայտնաբերվել է կորոնավարակի 3 նոր դեպք։ Նույն օրը Միջազգային առողջապահական կազմակերպությունը կորոնավիրուսը ճանաչել է պանդեմիա։ Հաջորդ իսկ օրը՝ մարտի 12-ին որոշում է կայացվել անորոշ ժամկետով կրկին փակել ուսումնական հաստատությունները մարտի 13-ից սկսած (հիշեցնեմ այդ օրը Հայաստանում գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 4-ն էր)։

Հայաստանում քաղավիացիայի կոմիտեն մարտի 10-ին հանդես է եկել կոչով՝ հորդորելով քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ մարտի 13-ին եղել է վերջին չվերթը(չհաշված այն չարթերային թռիչքը, որով Իտալիայից Հայաստան տեղափոխվեցին այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիները)։ Այդ ժամանակ երկրում, եթե չեմ սխալվում, կար 13 հիվանդ: Մարտի 16-ին Կառավարության որոշմամբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։ Այդ ժամանակ հաստատված վարակակիրների թիվը 28-ն էր։ Ապրիլի 1-ից արդեն ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության՝ պարետատան կողմից նախատեսված սահմանափակումներն էլ ավելի խստացվեցին։

Համեմատության համար նշեմ, որ վերը թվարկված բոլոր գործողությունները մեր հարևան Վրաստանում իրականացվել են ավելի ուշ, քան՝ Հայաստանում։ Բացի այդ, Իտալիան վիրուսի կանխարգելման խիստ միջոցառումների է դիմել միայն մարտի 10-ին, երբ գրանցված դեպքերի թիվը հատել էր 10 հազարը, Չեխիան արտակարգ դրություն է հայտարարել մարտի 13-ին, երբ վարակվածների թիվը հասել էր 116-ի, նույն օրը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող խիստ միջոցառումների է դիմել ԱՄՆ-ը (ավելի քան 2 հազար դեպք), Գերմանիան խստացումների գնացել է մարտի 17-ին, երբ վարակվածների թիվը մոտ էր 10 հազարի, Ֆրանսիան՝ մարտի 20-ին, երբ վարակակիրների թիվը 12 հազարից անցել էր։ Կարծում եմ՝ վերը նշվածը բավարար է ընդդիմության քննադատություններին հակափաստարկելու և դրանք հիմնազուրկ որակելու համար։ 

- Ձեր ընդդիմախոսները ներկայացնում են կառավարության կաբինետի անդամների խոսքերի հակադրությունը՝ մեկ ամիս առաջվա ու հիմա՝ կապված կորոնավիրուսի հետ: Հիմա, ի վերջո, այդ վիրուսը վտանգավո՞ր է մարդկանց կյանքի ու առողջության համար, թե՞ ոչ: 

- Ես արդեն նշեցի, որ ընդդիմախոսների մի մասը զբաղված է իշխանությանը, առիթից օգտվելով, հարվածելով և էժանագին քաղաքական դիվիդենտներ հավաքելով։ Ընդդիմախոսների մի հատված էլ կա (ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի մսին է խոսքը) որոնց նկատմամբ մեծագույն հարգանք տծաելով՝ ստիպված եմ փաստել, որ այս շրջանակն իրեն ամենագետ է համարում և ցանկացած հարցի վերաբերյալ հավակնում է ներկայացնել փորձագիտական կարծիք։ Ստացվում է, որ նույն մարդը երեկ ռազմական փորձագետ էր, նախորդ օրը՝ կենսաքիմիկոս էր, դրանից առաջ՝ քրեագետ, այսօր՝ համաճարակաբան, իսկ վաղը, չի բացառվում, որ դառնա օվկիանոսային քամիների և ջրիմուռների փորձագետ։ Իհարկե, յուրաքանչյուրի իրավունքն է ինքնարտահայտվելը, բայց ես էլ իրավունք ունեմ լուրջ չվերաբերվելու նման դրսևորումներին։

Ինչևէ, ենթադրում եմ՝ վերը նշված մարդիկ նկատի ունեն առողջապահության նախարարին և վարչապետին, որ պայմանական մեկ ամիս առաջ այլ հայտարարություններ են արել կորոնավիրուսի հետ կապված։ Պարզաբանեմ, որ մեկ ամիս առաջ աշխարհի և որևէ երկրում չկար ընկալում նոր տիպի կորոնավիրուսի լրջության հետ կապված։ Եվ դա նորմալ է։ Կորոնավիրուսն, ինքնին, մարդկության հայտնի է վաղուց, և չէր դասվում խիստ վտանգավոր վիրուսների շարքին։ Նորմալ է, որ երբ իր տարածումը սկսեց նոր տիպի կորոնավիրուսը, ամբողջ աշխարհին, այդ թվում և Հայաստանի ղեկավարությանը, դեռ հայտնի չէր դրա վտանգավորության աստիճանը։ Սա մի համավարակ է, որի դրսևորումները դեռ մինչև վերջ բացահայտված չեն, և աշխարհը պայքարում է մի աներևույթ, անշոշափելի թշնամու դեմ։ Մի քանիսը տարածում են նախարար Թորոսյանի վարկածն առ այն, որ կորոնավիրուսը վտանգավոր վիրուսների շարքին չի դասվում՝ մոռանալով նշել, որ վերջինս այդ կարծիքն արտահայտել է դեռևս փետրվարի 27-ին, երբ ամբողջ աշխարհում Չինաստանից դուրս վարակակիր անձանց թիվը չի գերազանցել 3 հազարը, իսկ մահացածների թիվը՝ 50-ը։  Սա ֆորս մաժոր է, աշխարհի և որևէ երկիր պատրաստ չէր սրան, այդ թվում և աշխարհի հզոր երկրները։ Իրենց հզոր առողջապահական համակարգով հայտնի երկրները ներկայումս հայտնվել են անելանելի վիճակում, ու էս պայմաններում պառկել բազմոցին ու ամենօրյա ռեժիմով հիշեցնել, թե ինչ են ասել վիրուսի մասին Թորոսյանն ու Փաշինյանը մեկ ամիս առաջ, նույնիսկ զավեշտալի չէ։

- Պետական ապարատները կիսով չափ են աշխատում, մասնավորների մի մասը՝ նույնպես: Մեր պետությունն այդքան ամուր հողի վրա՞ է, որ իրեն կարողանա երկար չաշխատելու «հաճույքը» թույլ տալ:

- Որևէ պետություն այնքան ամուր չէ, որ կարողանա իրեն թույլ տալ երկար չաշխատելու «հաճույքը»։ Դրան գումարվում են նախկին իշխանություններից ստացած վատ ժառանգությունն ու սոցիալական խնդիրները, ու եզրակացնում, որ կորոնավիրուսը կարող է վտանգել ոչ միայն հանրային առողջությունը, այլ նաև երկարաժամկետ լուրջ վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը ու հանրության սոցիալական վիճակին։ Կառավարությունը ներկայումս անում է ամենն այս երկու ճակատներում արդյունավետ պայքար մղելու համար։ Որքան էլ որ դժվար է, ստեղծված իրավիճակում ես փորձում եմ լավատես լինել։

Վրույր Սևակ