Համաշխարհային հեղափոխություն (անտեսանելի պատերազմ-2)

ԵՐԵՒԱՆ, 5  ԱՊՐԻԼ, 24News

Պանտիֆիկոս
«Ազգը ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ... Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի»

Մատթեոսի Ավետարան

Համաճարակի ծածկույթը մեծանում է, և դրա դիմաց փոքրանում են մարդկության հնարավորությունները: Մարդը զրկվում է տարրական բաններից, և վախը, որ շոշափելի ձեռքբերումները կմատնվեն կորստյան՝ գնալով ավելի է մեծանում, իսկ համաշխարհային այս  ընթացքը հեղափոխություն է կերակրում: 

Իր տեսության մեջ հեղափոխությունը կոչված է վերացնելու գոյություն ունեցող իրավիճակը և ստեղծելու նորը: Ներկա պահին աշխարհում տեղի ունեցողը, շատ հնարավոր է, որ գլոբալ մի գործընթացի նախերգանք լինի, որի ընթացքին զուգահեռ ինչ-որ պահից կսկսվի փոփոխությունների էսկալացիան` այս անգամ ոչ թե հերթականը, այլ` էականը: Համաճարակի, որի համաշխարհային վերջը դեռ չի երևում, հեռանալուց հետո աշխարհը քանդված կամ կիսաքանդված է լինելու, և այդ պատկերի չափորոշիչը կախված կլինի, թե վիրուսը որքան կտևի, ու երկրները դրանից ինչքան հյուծված դուրս կգան: 

Յուրաքանչյուր հեղափոխություն քաոսի կարիք ունի («Ընդամենը մի քիչ անարխիա, հաստատված կարգի խախտում և ամեն ինչ շուրջբոլորը ընկղմվում է քաոսի մեջ: Ես քաոսի կրողն եմ: Եվ գիտես ի՞նչն է հանդիսանում քաոսի հիմքը` վախը»- Ջոկեր, «Խավարի Ասպետը»): Այսօր ոչ ոք չի կարող վստահաբար ասել, որ քաոտիկ շրջան չի սկսվելու` հակառակը, ավելի շուտ աշխարհը թևակոխելու հենց այդ փուլ: Եսակենտրոն աշխարհի տարիներով, տասնամյակներով կուտակածը արդեն սկսել է գնալ ի օգուտ մարդուն` բժշկությանը, բիոլոգիային, կարիքավորների կարիքների հոգալուն, ի նպաստ սոցիալապես անապահով խավերին, այլ ոչ թե զենքին, ախտավոր հաճույքներին կամ մարդակործան, հոգեկործան բաներին: Այս մասին էր խոսում Տեր Հիսուս Քրիստոսը, երբ ասաց. «Եվ ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ: Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային»։ - Ղուկասի Ավետարան 16:9, 13: 

Բայց քանի որ մարդը, իր անկյալ բնույթին հավատարիմ մնալով, սեփական յուղոտ անտարբերության մեջ չէր նկատում մյուս մարդուն, և իր հաջողությունը վերագրում էր սեփական ես-ին` ընկնելով հպարատության թակարդը, ապա հիմա, ըստ պայմանների, ստիպված կլինի անել այն, ինչ-որ պետք է աներ համաձայն իր դավանանքի, արժեքների, ազատի կամքի: 

Արդեն իսկ մարդկությանը ծնկի բերած պանդեմիան այս ընթացքում հատակին է հավասարեցնելու գործող շատ կառույցներ, կարգեր, կանոներ: Քիչ բան կմնա, որ վերակենդանացման ենթակա կլինի, ու մոլորակը ռեստարտի կարիք կունենա: Սա էլ կլինի համաշխարհային հեղափոխության բնույթով: Բարձր ամբիոններից արդեն հռչակվել է, որ վիրուսը պատերազմ է ու խոշորագույն աղետ, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո` ամենալուրջը: Դա նշանակում է, որ մարդկության պատմության մեջ ևս մի բաժանարար գիծ է հայտնվելու` կյանքը մինչև համաճարակը և դրանից հետո: Աշխարհը երկար ժամանակ կամ այլևս ընդհանրապես նույնը չի լինելու: Էպիդեմիայից հետո թուլացած հումանոիդն իր ուժերը վերագտնելու համար պետք է վերակառուցի իր կյանքը և գնա ապրելու քրիստոնեական արժեքներին համապատասխան: Սա է ճշմարիտ ճանապարհը, բայց քիչ հավանականը: Ավելի շուտ հեղափոխական փուլերը կհաջորդեն իրար, քանի որ շուտով մոլորակը կմտնի տնտեսական ճգնաժամի մեջ, որից հնարավոր է կբխեն պատերազմները, երբ ֆիզիկական կոնտակտի դիստանցիան ու արգելքը կվերանան: Պակասը` կորցրած ազդեցությունը, ֆինանսը և այլ մշտապես գործող գործոններ, վերականգնելու խնդիր է առաջանալու, ինչը պատմությունից մենք գիտենք, թե ոնց է լուծվում: Անկախ շրջափուլերի ժամկետներից, մարդկությունը ավելի լավը ու ուժեղ լինելու արդեն իսկ խնդիր առջև է կանգնած: Սա առանց հեղափոխության չի կարող լինել, և խոսքը գնում է ոչ թե գաղափարական կամ կրոնական շարժումների մասին` ոչ, այս առումով ամեն ինչ տրված է և նոր բան, որը կշարժի հազարավորների, միլիոնավորների սիրտը, միտքն ու հոգին, շարժման մեջ կբերի զանգվածները չի կարող լինել: Մարդկությունը ինքնամոռաց գնում էր տեխնոլոգիական և արդյունաբերական նորանոր հեղափոխությունների հետևից` հեռանալով հավատքից, գաղափարներից, համամարդկային արժեքներից, բնությունից, պարզ հրաշքներից: Սա բնական կյանքը էլ ավելի արագ արհեստական էր դարձնում: Հիմա տեխնոլոգիական զարգացումը դանդաղություն կապրի, և մի որոշ ժամանակ մարդակենտրոնությունը ուշադրության կենտրոնում կլինի: Եվ, եթե ընդհանուր ասենք, մարդն ապրելու ու իրականացնելու է երկու հեղափոխություն` առաջինը այն է, ինչ-որ կատարվում է հիմա` անտեսանելի տարածական պատերազմ աշխարհի ամբողջության դեմ, այսինքն հեղափոխություն ընդդեմ մարդու ապրելակարգի, և երկրորդը` մարդն այս իրավիճակից դուրս կգա հեղափոխություն անելով` կատարելով մի շարժում հանուն հանունի և ոչ թե ընդդեմի: 

Այստեղ կարևորագույնը հոգևոր ասպեկտն է, և ինչպես Սուրբ Պետրոսի դատարկ հրապարակում ասաց մեր ժամանակների ամենանշանավոր ու ազդեցիկ առաջնորդներից մեկը` Ն.Ս. Պապ Ֆրանցիսկոսը՝ «Մենք բոլորս մի նավակում ենք»: Հիմա առավել քան երբեք մարդը պիտի ոչ թե գոնե այլ միայն հավատքի հարցում թերահավատ չլինի, ալեկոծվող նավակի մեջ պինդ բռնվել է պետք` համաճարակից տուժելու են գրեթե բոլորը, և մնալու են նրանք, ովքեր մինչև վերջ կհավատան ու կհամբերեն: 

Տեր Հիսուս Քրիստո՛ս,  ողորմի՛ր մեզ 

 

Ռուբեն Վարդանյան 

պատմաբան, հրապարակախոս