Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ կառավարության կողմից. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

աշոտյան

«Արդեն քանի օր է լրատվական, քաղաքական և հանրային դաշտը բուռն քննարկում է քաղավիացիայի կոմիտեի խայտառակ թերի աշխատանքի պատճառով առաջացած սկանդալը։ Բոլորդ ծանոթ եք խնդրին, չկրկնվեմ»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞։

Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարևոր հարցը հետեւայլն է։

Այս տարի նախատեսվում էր Հայաստանի և Եվրամիության միջև ընդհանուր օդային տարածք ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը։ Տվյալ համաձայնագրի նախապատրաստման մեկնարկը տրվել էր 2017-ին, ԵՄ-ի հետ CEPA-ի ստորագրումից հետո։

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում»։
«Համաձայնագիրը 2017թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում: Համաձայնագրով` Եվրոպայի ողջ օդային շուկան կդառնա մեկ ամբողջական, և կարիք չի լինի առանձին-առանձին պայմաններ հստակեցնել»,- նշել էր Ռևազյանը:

Ըստ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի՝ տվյալ համաձայնագիրը թույլ կտար լավագույնս ինտեգրել կողմերի ավիացիոն ծառայությունները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, նոր հնարավորություններ ստեղծել բիզնեսի և քաղաքացիների համար և այլն։

Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ կառավարության կողմից. Արդո՞ք Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասին EASA-ի պատրաստված զեկույցը և ցույց տված կարմիր քարտը հարցականի տակ են դնում նաև ԵՄ-Հայաստան համապատասխան համաձայնագրի ստորագրումը, այստեղից բխող բոլոր նոր վնասներով։

Հարցը հնչեղություն ունի նաև հունիսի 19-ին Փաշինյանի՝ Արևելյան Գործընկերության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել նախատեսված այցի նախաշեմին»։