Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միությունը» գումար է նվիրել Էրդողանի նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News     

Թուրքիա
 

Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին։ Վերջինս «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավ է սկսել։ Գրել է Ermenihaber-ը։

Պետրոս Շիրինօղլուն գրավոր հաղորդագրության մեջ նշել է, որ «Հայկական հիմնադրամների միությունը» 500․000 թուրքական լիրա է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած «Ազգային համերաշխության արշավին»։

Շիրինօղլուն ցավակցել է Թուրքիայում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել հիվանդներին։

Նշենք, որ այդ արշավին միացել էին նաև Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ։ Նրանք 100․000 թուրքական լիրա էին փոխանցել դրամահավաքի հաշվեհամարին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստակապով անցկացրած կառավարության նիստից հետո հայտարարել էր «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք սկսելու մասին:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավի նպատակը պետության կազմակերպած դրամահավաքի արդյունքում գոյանալիք գումարով կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում երկրի նվազ եկամուտ ունեցող բնակիչներին լրացուցիչ օգնություն ցույց տալն է: Ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների նախարարությունը այդ նպատակով արդեն հատուկ հաշվեհամար է բացել:

Էրդողանը նշել էր, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը և իր 7 ամսվա աշխատավարձը փոխանցել էր հաշվեհամարին: Նա կոչ էր արել կառավարության բոլոր անդամներին, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նահանգային կառույցներին, մեջլիսի պատգամավորներին, քաղաքապետարաններին, ինչպես նաև խոշոր գործարարներին ու բարերարներին, մասնակցել դրամահավաքին: