Վրաստանում կոչ են անում տանը աղոթել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

Վրաստան

Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն դիմել է հավատացյալներին՝ կոչ անելով չգնալ եկեղեցի ու աղոթել տանը, որպեսզի պաշտպանված լինի ոչ միայն եկեղեցին, այլ ողջ երկիրը: Իմնաձեն այս մասին հայտարարություն է արել կառավարության շենքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում: Գրել է «Ալիք մեդիա»-ն։

«Տանն աղոթելով կպաշտպանեք ձեզ այս վիրուսի հնարավոր վարակից։ Եկեղեցու դռները չեն փակվի: Այնտեղ կլինեն հոգևորականներ, ովքեր կաղոթեն մեզ համար։ Մենք մնանք տանը և աղոթենք ողջ երկրի համար»,- պատասխանելով եկեղեցում զատկական ժամերգության հետ կապված հարցին, ասել է Իմնաձեն:

Նախօրեին «Մթավարի» հեռուստաընկերության եթերում լրագրող Գիորգի Գվարամիան հրապարակել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս նշում է, որ մասնակցելու է զատկական ժամերգությանը, այնպես, ինչպես անում է դա ամեն տարի: Վերջինիս խոսքով, եթե պահպանվեն սոցիալական հեռավորության կանոնները, վարակվելուց հնարավոր է խուսափել:

Վրաստանում ապրիլի 6-ի ժամը 13:00-ի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակման 188 դեպք, 36-ն արդեն ապաքինված են համարվում, մահացել է 2 մարդ: Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված է 150 մարդ: Կարանտինային ռեժիմում է 5056, հատուկ վերահսկողության ներքո՝ 386 մարդ: