Արամ Գաբրիելյանովը թող հույս չունենա, որ կստանձնի «Արարատի» մենեջմենթը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

արարատ

«Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված «News Media» հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն, հայկական արմատներով Արամ Գաբրիելյանովի Ֆեյսբուքյան գրառման հետ:

«Արամ Գաբրելյանովի` օրերս սոցիալական ցանցերով տարածած, և նույնությամբ մամուլում հայտնված Երևանի «Արարատին» վերաբերող հայտարարությունների հետ կապված տեղեկացում ենք, որ.

• Արամ Գաբրելյանովը Ռուսաստանյան «Արարատ Մոսկվա» ՖԱ-ի հիմնադիրներից է և ակումբի փակման անմիջական մասնակիցներից:

• Արամ Գաբրելյանովը Հայաստանյան «Արարատ-Արմենիա» ՖԱ հիմնադիրներից մեկն է որտեղից հեռացել է (կամ հեռացվել է): Այդ պատմության մանրամասները կարող է ներկայացնել հենց ինքը:

• Արամ Գաբրելյանովը մեկ տարի առաջ ցանկացավ մուտք գործել նաև հռչակավոր ՖԱ «Արարատ»՝ միանգամից ակումբի մենեջմենթը ստանձնելու ցանկությամբ, միանգամից խոստանալով հինգ տարվա ընթացքում կատարել ներդրումներ: Ակումբի նախագահ և բաժնետեր Հրաչ Կապրիելյանը, սկզբունքայնորեն դեմ չլինելով այդ տարբերակին, երաշխավորության համար առաջարկեց, որ կողմերը (այդ թվում հենց ինքը), ապագայում ներդրում անելու խոստման փոխարեն անմիջապես ներդրում կատարեն, քանի որ ակումբի մենեջմենտ ստանձնելը որոշակի պատասխանատվություն է պահանջում: Բայցը Արամ Գաբրիելյանովն այս ուղղությամբ գնալ չուզեց, գումարը միանգամից ներդնել չցանկացավ, որից հետո Հրաչ Կապրիելյանը դադարեցրեց բանակցությունները:

• ՖԱ «Արարատը» շատ լավ վիճակում է: ՀՖՖ կողմից արդար, թափանցիկ և արդյունավետ կազմակերպված այս առաջնությունում ակումբը լավ արդյունքներ է գրանցում, և լավագույն վեցնյակ մեր մուտքը երաշխավորված է: Երկրորդ փուլի համար թիմը հզորացրել ենք հինգ օտարազգի խաղացողներով:

• Թեև կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, թիմի խաղացողներն ու անձնակազմը մարտ ամսվա աշխատավարձերն ամբողջությամբ ստացել են:

• ՖԱ «Արարատում» իրավիճակը լավ է, այն բնականոն զարգացման հունի մեջ է, և այս ընթացքը շարունակվելու է առաջիկա մրցաշրջաններում: Իսկ թե ով կզբաղեցնի այս տարվա առաջնության 1-3-րդ հորիզոնականները, թող որոշի արդար խաղը:

• Որպես վերջաբան, Արամ Գաբրիելյանովը թող հույս չունենա, որ երբևէ կստանձնի ՖԱ «Արարատի» մենեջմենթը: Իրեն հորդորում ենք այս անգամ էլ հիմնել մի նոր` «Արարատ-Աշխարհ» (“Ararat World” FC) անունով ՖԱ: Այդ ակումբը բնականաբար կունենա բազայի կարիք. օրինակ կարող է վճարել ու ՀՖՖ-ից գնել «Ավան Ակադեմիան», կամ ավելի էժան տարբերակ` կարող է գնել Հայաստանի մարզերում ֆեդերացիայի կողմից ստեղծվող բազաներից մեկը: Իսկ դրանից հետո` իրենց մաղթում ենք բարի երթ Հայաստանի արդար ֆուտբոլային առաջնության ժամանակ:

• Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի վերաբերյալ հայտարարություններին, ապա հանրությանը լավ հայտնի է, որ նրանք աշխատում են նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին, ու արտասահմանյան արձակուրդների ոչ շատ ժամանակ, ոչ էլ հետաքրքրություն ունեն»,- ասված է «Արարատի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արամ Գաբրիելյանովն իր գրառման մեջ նշել էր, որ «Արարատի» սեփականատեր, շվեյցարացի գործարար Վարդան Սրմաքեշը հրաժարվել է համագործակցել ակումբում ներդրումներ անելու մտադրություն ունեցող 3 հայ գործարարի հետ և վաճառել է դեռ Կարեն Դեմիրճյանի և Հայաստանի Կոմկուսի կենտկոմի կողմից «Արարատին» Ձորաղբյուրում հատկացված 40 հեկտար հողատարածքը»: 

Ավելի վաղը Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ անդրադառնալով Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի խնդիրներին, քննադատել ակումբի սեփականատեր, հայկական արմատներով շվեյցարացի գործարար Վարդան Սրմաքեշին՝ ներկայացնելով «Արարատ» ֆուտբոլային ակումբում տիրող իրավիճակը: