Մի քանի անձ ներկայացել է երգչուհու ընտանիքի ծանոթ, տարբեր սցենարներ փոխանցել. ՀՀ ԱՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

հասարակական

«Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել` այդ թվում քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, որ ևս իրականությանը չի համապատասխանում։

Առհասարակ, թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու, մանավանդ, որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նա 50 տարեկան էր։ Երգչուհու մահվան պատճառը եղել է թոքաբորբի առկայությունը, սակայն բժիշկները չեն կարողացել ասել՝ նա կորոնավիրուսով վարակված եղել է, թե ոչ։ Երիտասարդ կինը մահացել է տանը: Նա միայնակ է ապրել։