Հայ եկեղեցու Վայոց ձորի թեմը գյուղացիներին կարտոֆիլի սերմացու է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

վայոցձոր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը, Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված հերթական թիրախային օժանդակություն է ցուցաբերում Վայոց ձորի մարզում՝ այս անգամ մարզի համայնքներին տրամադրելով կարտոֆիլի սերմացու: Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից:

Մեր այցի պահին թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն անձամբ էր հետևում սերմացու կարտոֆիլի պարկերի վարակազերծման աշխատանքներին, որոնք հետո բարձում էին բեռնատար ավտոմեքենաները՝ համայնքներ տեղափոխելու նապատակով:

Զրույցի ընթացքում թեմի Առաջնորդը նշեց՝ քանզի մարզի հիվանդանոցներն արդեն ապահովված են թեմի կողմից պատրաստվող պաշտպանիչ կոշտ և փափուկ դիմակներով, քայլ արեցինք օժանդակության հաջորդ փուլին: Վերլուծելով կորոնավիրուսի պատճառով Հայաստանի Հանրապետությունում և Վայոց ձորի մարզում ստեղծված իրավիճակը, որոշվեց օժանդակություն ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտին:

Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ասաց, որ թեմի կողմից ձեռք բերված սերմացուի բաշխումը կատարել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ: Թեմի առաջնորդը նշեց նաև, որ Վայոց ձորի թեմի կողմից կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված հասցեական օժանդակությունը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ, լինելու է շարունակական: