Թուրքիայում կորոնավիրոսով վարակվածների թվում 20-ից ավելի հայեր կան. Սելինե Դողան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

կորոնավիրուս

Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի ավագանու անդամ Սելինե Դողանի խոսքով` նոր կորոնավիրուսի տարածումը իսկական մարտահրավեր էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Թուրքիայի համար: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այնտեղ իրավիճակը գնալով ավելի է վատանում:

«Թվերի մասին չենք կարող խոսել, պաշտոնական թվերը ճշգրիտ չեն: Մասնավոր և հանրային հիվանդանոցները, այդ թվում հայկականը, դարձել են պանդեմիայի  հիվանդանոցներ»,- ասաց նա:

Սելինա Դողանի խոսքով` Թուրքիայում արգելելն են տանից դուրս գալ 65 տարեկան ու 20-ից տարեկանից ցածր տարիքով անձանց, դուրս գալու դեպքում նրանք կտուգանվեն։

«Վարակվածների թվում կան նաև հայեր: Թվեր չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ երկու տասնյակից ավելին հոսպիտալացվել են»,- ասաց նա` նշելով, որ չհոսպիտալացվածների թիվը չի կարող ասել:

Սելինա Դողանի խոսքով` տեղի հայ համայնքին տրվում է սահմանափակ կամավորական օգնություն, բայց դա այնքան էլ համակարգված չի արվում: «Բացի այդ, մենք փորձում ենք օգնություն ձեռք բերել քաղաքապետարանից»,-ասաց նա:

Նա ցավով արձանագրեց, որ Թուրքիան այս օրերին չկարողացավ գործել որպես սոցիալական երկիր, ինչպես աշխարհի շատ երկրները: «Աշխատանքային շուկան մեծ վնաս է կրել, քանի որ բոլոր խանութները, սոպերմարկետները և այլ խիստ անհրաժեշտության պարագաներ վաճառող խանութները փակ են: Մարդիկ մոտ են իրենց աշխատանքը կորցնելուն, և շատերը, որոնք սովոր են աշխատել օրվա ապրուստի համար, կորցրել են իրենց բոլոր եկամուտները: Կառավարության կողմից չկա որևէ ֆինանսական օգնություն: Նրանք պարզապես հետաձգել են որոշ վարկերի վճարումները և վերջ»,- ասաց նա:

Մարդիկ, որոնք աշխատում են հիվանդանոցներում, ըստ նրա, իսկապես բարդ իրավիճակում են: «Բուժաշխատողներից շատերն են վարակվել, նրանք չեն ունեցել միջոցներ` դիմակներ, համապատասխան հագուստ՝ չվարակվելու համար: Թուրքիայում իրավիճակը գնալով  վատանում է»,- ասաց նա:

Թուրքիան, ըստ  նրա, չի անցնում լիարժեք սահմանափակումների, եթե նման բան անի, ստիպված կլինի մարդկանց ֆինանսական աջակցություն ցուցաբերել: «Թուրքիան արդեն մեծ տնտեսական ճգնաժամ է ապրում, և հիմա պանդեմիայի պատճառով իրավիճակն ավելի է վատանում:  Հայկական համայնքն էլ այս ամենի ազդեցությունները կրում է»,- ասաց նա:

Հայ համայնքի տրվող սահմանափակ օգնությունը, ըստ Սելինե Դողանի, բավարար չէ: Նա նշեց, որ իրենք փորձում են ամեն կերպ օգնել հայերին, օրինակ, մեծահասակների գնումներն են կազմակերպում:

Համայնքի դպրոցներում, ըստ Սելինա Դողանի, կազմակերպվում է հեռավար ուսուցում:

Նա նաև պատմեց, որ Թուրքիայի իշխանությունները կազմակերպել են Ազգային օգնություն արշավ, որը քննադատվել է ընդդիմության և հասարակության կողմից: «Փոխանակ նրանք օգնություն ցուցաբերեն մարդկանց, դիմում են կարիքավորներին»,- ասաց նա:

Ըստ նրա` ազգային փոքրամասնությունները մասնակցել են դրամահավաքին: «Հայկական հինադրամները ևս մասնակցել են, նրանք  5000 թուրքական լիրա են նվիրաբերել, ինչն էլ համայնքում քննադատությունն է առաջացրել:

Սելինա Դողանը այս համատեքստում հիշատակեց ամիսներ առաջ Թուրքիայում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերը, որոնց արդյունքում վնասվել էին հայկական դպրոցներ, հիվադանոցներ, և իրենք Պոլսո պատրիարքի հետ քննարկում էին, թե ինչպես պետք է դրանք պահպանեն: «Այս տեսակ արհավիրքները մեզ ցույց են տալիս, թե որքան կարիք ունենք կազմակերպված լինելու և որքան միավորված պետք է լինենք: Պատրիարքը հրավիրել էր հիմնադրամների ղեկավարներին և հիմնել նրանց հետ Կենտրոնական մարմինը, բայց մենք գիտենք, որ դա բավարար չէ, քանի որ այդ հիմնադրամների ղեկավարները ընտրվել են շատ վաղուց, իսկ մեր համայնքը կարիք ունի երիտասարդ ձայների։ Մենք պետք է դաս քաղենք  նման իրավիճակներից: Ճիշտ է, հիմա ժամանակը չէ համայնքի խնդիրների մասին խոսելու համար, բայց հույս ունեմ, որ կունենանք հնարավորություն հետո դրանց անդրադառնալու»,- ասաց Դողանը: