Դիարբեքիրում ինչու՞ է 27 օրում ընդամենը 500 թեստավորում արվել. Փայլան. Ermenihaber

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն անհանգստություն է հայտնել Դիարբեքիրում կատարված քչաքանակ թեստավորումների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Նա Թուրքիայի առողջապահության նախարարին ուղղված հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցման հայ պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչու է մարտի 11-ին (Թուրքիայում կորոնավիրուս 1-ին դեպքի հայտարարման օրը) հաջորդած 27 օրվա ընթացքում քրդաբնակ Դիարբեքիրում ընդամնենը 500 թեստավորում արվել։ Եվ դա այն դեպքում, երբ իր տեղեկություններով այդ քաղաքում բավական տարածում ունեն կորոնավիրուսի դեպքերը:

«Վարակի տարածումից մահեր գրանցած մոտ 2 մլն բնակչություն ունեցող Դիարբեքիր քաղաքում այդքան քիչ քանակությամբ թեստավորում անելն անհասկանալի է»,- ասել է Փայլանը:

Հարցադիմումի մեջ Փայլանը թուրք նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք խտրականություն է դրվում տարբեր նահանգների միջև երբ թեստեր են բաժանվում, ինչպես նաև հարցրել, թե երբ արագ թեստերն անվճար կլինեն քաքացիների համար։

Թուրքական աղբյուրը նշում է նաև, որ  Թուրքիայի բժշկական ասոցիացիան ևս կասկածի տակ էր դրել Դիարբեքիրի վերաբերյալ պաշտոնական տվյալները՝ նշելով, որ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ քաղաքում կորոնավիրուսից մահ չի արձանագրվել, այնինչ այդ պահի դրությամբ եղել է առնվազն  5 մահ:  

Նշենք, որ մինչ այժմ Թուրքիայի ամբողջ տարածքում կատարվել է 202.845 թեստավորում: