Մոսկվայի քաղաքային դումայի 2 պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվել. Meduza

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News       

Մոսկվա

Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Միխայիլ Տիմոնովի և Մոսկվայի խորհրդարանում Կոմունիստական կուսակցության խմբակցության ապարատի ղեկավար Սերգեյ Տիմոխովը կորոնավիրուսով են վարակվել։ Այս մասին գրել է Meduza-ն։

Միխայիլ Տիմոնովն իր տելեգրամյան էջում գրել է, որ «Մեդսի» կլինիկայում իր հանձնած թեստի պատասխանը դրական է եղել։ Ընդ որում առաջին ախտորոշիչ թեստի պատասխանը բացասական է եղել:

Ապրիլի 1-ին Միխայիլ Տիմոնովը ներկա է եղել Մոսկվայի քաղաքային դումայի արտահերթ նիստին, որի ընթացքում քննարկվում էր ինքնամեկուսացման պահանջները խախտելու հարցը։  Նիստին նախորդող օրը պատգամավորները կորոնավիրուսի թեստ էին հանձնել և քաղաքային դումայի ղեկավար Ալեքսեյ Շապոշնիկովը նիստի ժամանակ հայտարարել էր, որ բոլոր ներկաները առողջ են: Նիստի սկզբում բոլոր ներկաներին դիմակներ են տրամադրել, սակայն Տիմոնովը հանդիպման կեսն առանց դրա է եղել: Ընդհանուր առմամբ, նիստին 50 մարդ է ներկա եղել, ներառյալ պատգամավորները։