Շենգավիթում հնչած կրակոցի հեղինակը հայտնի է. ո՞ւմ հետ և ի՞նչ մեքենայով է դիմել փախուստի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

կրակոց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են ապրիլի 6-ին Շենգավիթ վարչական շրջանում՝ Եղբայրության փողոցում, նույն փողոցի բնակիչ՝ 35-ամյա Ռոդոլֆ Մելոյանի վրա կրակոցներ արձակած անձի, ինչպես նաև նրա հետ գտնվող քաղաքացու ինքնությունը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ կասկածյալներն են Երևանի բնակիչ, 35-ամյա Գագիկ Հ.-ն և վերջինիս հետ գտնվող Երևանի բնակիչ՝ 41-ամյա Համբարձում Ա.-ն։

Ոստիկններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց, ատրճանակը և Mercedes մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ կրակոցներ են հնչել Երևանում: Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ, որը ծայրահեղ ծանր վիճակում է:

Դեպքի վայրում հայտնաբերել է ատրճանակից կրակված 9 պարկուճ և 2 գնդակ: