10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման. ԲՏԱ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը կառավարության մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ տասնյակ նամակներ են ստացել արտերկրից՝ Լիբանանի, ՌԴ-ի, Գերմանիայի, ԱՄՆ-ի մեր հայրենակիցներից, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնել տեղի ինժեներներին՝ միջազգային փորձանմուշներ ստանալու և մասնագիտական խորհրդատվության հարցում։

«Վերջերս տասնյակ նյութեր են շրջանառվում տարբեր մարդկանց և խմբերի կողմից  թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ, որոշները, իհարկե, լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են, որոնք, ըստ էության, չեն լուծում այն խնդիրները, որոնք դրված են։ Սարքերն իրականում պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի սենսորներ, որոնք գնահատում են պացիենտի վիճակը և ըստ դրա են գործում:

Այդ սարքը միայն պոմպի դեր չի կատարում, օդի մղում ու արտամղում, այլ ամբողջապես փոխարինում է շնչառական համակարգին, և անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի կամ որևէ ինդիկատոր միանա, բժիշկներին տեղեկացնի իրավիճակի մասին»,-ասել է նախարարը և տեղեկացրել, որ այդպիսի սարքերի նախագծումը բարդ պրոցես է, ուստի կոչ է արել, որ հարցին լուրջ վերաբերվեն, քանի որ դա 1 շաբաթում կամ նույնիսկ ամսում լուծվող հարց չէ։

«Տարբեր տեղերից հայտնաբերված և տեղեկատվական արդյունաբերության նախարարությանը տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման։ Անհրաժեշտության դեպքում այն կտրամադրենք ԱՆ-ին»-ասել է Հակոբ Արշակյանը։