Ծրագրերի ծախսային թերակատարումները պետք է հասցնենք նվազագույնի․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

տնտեսական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության եւ թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: 

Զեկուցվել է, որ Զբոսաշրջության զարգացման եւ ենթակառուցվածքների ծրագրով, որի վարկային միջոցները կազմում են 55 մլն դոլար, 2016 թվականից մինչ օրս ծախսվել է 6 մլն դոլար: Նախատեսվում է, որ 2020 թվականին ծրագրի շրջանակում կներդրվի եւս 4 մլրդ դրամին համարժեք եվրո: Ծրագրով՝ Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում իրականացվում են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, տուրիզմի գոտիների, ճանապարհների վերանորոգման, զբոսաշրջային պատմական միջավայրի վերականագնման աշխատանքներ:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Գյումրիում եւ Ջերմուկում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հնարավորություններին, որոնց նախագծային աշխատանքներն արդեն իսկ պատրաստ են: Դրանք նախատեսվում է կյանքի կոչել, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Ներկայացվել է նաեւ «Համայնքների ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի ընթացքին:

Հաջորդ խորհրդակցության ընթացքում պատասխանատուները վարչապետին զեկուցել են Կոշտ թափոնների կառավարման վարկային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ դրա շրջանակում նախատեսվում է Երեւանում՝ Նուբարաշենի գործող աղբավայրի հարեւանությամբ, կառուցել նոր աղբավայր եւ կոնսերվացնել մայրաքաղաքի 2 չգործող աղբավայր: Ներկայումս ընթացքի մեջ է նոր աղբավայրի կառուցման մրցույթների կազմակերպման գործընթացը: Քննարկվել են նաեւ նույն ծրագրի շրջանակում Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում աղբավայրերի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ամփոփելով խորհրդակցությունները՝ վարչապետը նկատել է, որ Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա:  «Հատկապես այս տարի դա անթույլատրելի է: Մենք պետք է ճշգրիտ կանխատեսենք ծախսերի հատվածը, որպեսզի այն միջոցները, որոնք հնարավոր չեն լինելու ծախսել, ուղղենք այլ ծրագրերի իրականացմանը»,- ասել է վարչապետը՝ կարեւորելով ծրագրերի իրականացումը հատկապես սոցիալական խնդիրների լուծման առումով: «Մենք պետք է ծրագրերի թերակատումները հասցնենք նվազագույնի: Այստեղ ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական կարեւոր բաղադրիչ կա»,- նշել է կառավարության ղեկավարը: