Ոստիկանության գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Արցախ

Արցախի Հանրապետության ոստիկանությունը իր գործունեությունը իրականացնում է ԱՀ Սահմանադրության և օրենքներին համապատասխան, և բացառություն չէ մարտի 31-ին անցկացված համապետական ընտրությունների ժամանակ ոստիկանության իրակացրած ծառայությունը:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով օրերս «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանի հրապարակային այն պնդումներին, թե իբր քաղաքական նախատրամադրություններից ելնելով ոստիկանությունը պատշաճ կերպով չի հետևել ընտրությունների ընթացքին:

«Ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է և իրավախախտումները նախականխելը, կանխելը ու խափանելը, ինչպես նաև վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության և ողջամտության սահմաններից»,-ասել է Լ. Մնացականյանը:

Անդրադառնալով նույն անձի կողմից այն հայտարարությանը, թե իբր նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ ունի վատ հարաբերություններ՝ Մնացականյանը նշել է, որ Ա. Հարությունյանը եղել է իր մարտական ընկերը, ունեն անցած ճանապարհ, մարդկային ջերմ հարաբերություններ, սակայն այդ ամենը որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ քաղաքական գործընթացների հետ: